Ասում եք՝ մեղմ ենք վերաբերվելու, քնքուշ ենք վերաբերվելու, բայց ԱԺ պատգամավորին թաղանթի համար տուգանել են. Գեղամ Մանուկյան
«Թեև ասում են, որ ոստիկանությունը մեղմ է վերաբերում թաղանթների հարում, բայց ես հենց առաջին օրերից կոնկրետ մարդիկ գիտեմ, նաև՝ ԱԺ պատգամավորի, որին կանգնեցրել, զգուշացրել են, իր ձեռքերով պոկել է, բայց էլի տուգանել են»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա նիստին ներկա ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրեց, թե նա հստակ կարո՞ղ է արձանագրել, որ եթե ապակիները թաղանթապատված մեքենա լինի՝ տուգանվում է:
«Որովհետև մարդիկ խճճվեցին հայտարարությունների մեջ, մի մասը հանգստացավ, մյուսը՝ ոչ: Հստակ մարդկանց ասեք՝ տուգանվելու են, կամ չեն տուգանվելու: Եթե հայտարարելու եք, որ չեն տուգանվելու, ապա պարեկին ասի, որ տուգանքի փորձն օրինական չէ: Բայց հստակ հայտարարեք, ոչ թե կլորացնելով՝ թե մեղմ ենք վերաբերվելու, քնքուշ ենք վերաբերվելու, բայց մարդուն տուգանում են, ԱԺ պատգամավորին տուգանել են: Օրենքը օրենք է, լավ են անում, թեև համաձայն չենք այդ կարգավորման հետ»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոխնախարարի փոխարեն փորձեց պնդել, որ պարեկների ներկայացրած վարչական ակտի վերջում պետք է գրված լինի 0 դրամ, բայց միևնույն ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արմեն խաչատրյանին խնդրեց պարզաբանել հարցը:
Արմեն Խաչատրյանն ասաց, որ համաձայն է Մանուկյանի հետ, քանի որ հասարակության շրջանում տարաբնույթ ընկալումներ կան:
«Իրականում հուլիսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառեին, իսկ վարչական իրավախախտումների մասին օերնքով սահմանվում է, որ դրա համար նախատեսված է տուգանք 25 հազար դրամի չափով»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Նա հայտնեց, որ կանխարգելման միջոց է նաև զգուշացումը, դիտողությունը
«կառավարության հետ քննարկումների ժամանակ որոշվեց, որ առաջիկա 1-2 օրը որպես տույժ կկիրառվի դիտողությունը, որից հետո կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը:
Լուսաթափանցելիության կանոնները խախտող տրանսպորտային միջոց վարելն համարվում է իրավախախտում, հետևաբար մեր վարորդները պետք է հանեն այդ թաղանթները: Հնարավոր է այնպիսի մեղմացնող հանգամանքներ լինեն, որ չտուգանեն, նախազգուշացնեն, որը հիմա շատ քիչ կհանդիպի, հիմա հիմնականում կիրառվելու է տուգանք»,-հայտարարեց Արմեն Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումը կվերահսկվի նվազ վարչական ներգործության միջոցներով
- Թաղանթապատում ունեցող ապակիների հարցով Մեսրոպ Առաքելյանը դիմել է ՆԳ նախարարին