«Ես Հայաստանից դրա համար չեմ եկել». Լոս Անջելեսում դպրոցականների ծնողները կռվել են ԼԳԲՏ ակտիվիստների հետ
Լոս Անջելեսում Հյուսիսային Հոլիվուդի Saticoy տարրական դպրոցի աշակերտների ծնողների և ԼԳԲՏ ակտիվիստների միջև ծեծկռտուք է եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել այսպես կոչված «Հպարտության ամսվա» (Pride) շրջանակներում՝ նվիրված ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչներին։ Մասնավորապես, մասնակիցները նախատեսում են կարդալ գրող Մերի Հոֆմանի գրքերը ԼԳԲՏՔ+ ընտանիքների մասին։
Los Angeles Times –ը գրում է, որ բողոքի ցույցին մասնակցել է ավելի քան 100 ծնող։ Վրդովված ցուցարարներից շատերը ցուցապաստառներ են պահել «Ծնողների ընտրությունը կարևոր է», «Մեր երեխաներին հանգիստ թողեք» գրություններով։
NBC Los Angeles-ի հաղորդմամբ, լարված իրադարձության ժամանակ առնվազն երկու ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ծնողներից մեկը՝ 40-ամյա Կարինեն, LA Times-ին ասել է, որ ինքը հոգնել է «քարոզչությունից» և հիասթափվել է. անցյալ շաբաթ իր երրորդ դասարանցի երեխան Saticoy դպրոցից տուն է վերադարձել ծիածանի կպչուն պիտակով։
«Ես Հայաստանից դրա համար չեմ եկել։ Ես եկել եմ ազատության համար և նրա համար, որ երեխաներս սովորեն մաթեմատիկա և կրթություն ստանան, ոչ թե դրա մասին»,- ասել է նա։