Այլանթ բույսը չարիք՝ Երևանի և այլ քաղաքների համար․ ԿՇՄՊ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է․
«Այլանթ
Այս ծառի հայրենիքը Հյուսիսային Չինաստանն է, որտեղ այն մշակվում է վաղ անցյալից և կիրառվել է կոշտ մետաքսի արտադրության մեջ։ Այլանթն աճում է նաեւ Հարավային և Արևելյան Ասիայում, Հարավարեւելյան Եվրոպայում, Ավստրալիայում և այլ երկրներում։ Առաջին մեծության ծառ է, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, չորադիմացկուն է, լուսասեր, առաջացնում է առատ արմատային շառավիղներ, ինչն էլ այս տեսակը դարձնում է ինվազիվ եւ անցանկալի՝ կանաչապատման մեջ։ Այն համարվում է աշխարհի ինվազիվ բույսերի լիդերներից մեկը։
Այլանթն աճում է արագ, հասնում է մինչև 30 մետրի, հաճախ անվանում են «երկնքի ծառ», ինչպես նաեւ՝ չինական հացենի, քանի որ հայրենիքը Չինաստանն է։ Այն ունի նաեւ բազմաթիվ այլ անվանումներ։ Այլանթը պարունակում է դառը նյութ, իսկ պտուղները՝ մինչև 70 տոկոս ճարպ։ Ծաղկման փուլում առաջացնում է գարշահոտ։ Ցավոք, առաջին հայացքից թվում է, թե շատ հարմար է Երեւանի կանաչապատման համար, բայց, լինելով ծայրահեղ ագրեսիվ ինվազիվ բույս, սկսում է անվերահսկելի բազմանալ՝ ընկճելով բոլոր այլ տեսակի ծառերը՝ աստիճանաբար զբաղեցնելով դրանց տարածքը։
Ունի հեռու տարածվող եւ կենսունակ սերմեր և հանդիսանում է ուժեղ ալերգեն։ Այս ծառը գրեթե բոլոր քաղաքներում վնաս է հասցնում ենթակառուցվածքներին՝ կոյուղիներին, շենքերի հիմքերին, կամուրջներին, մայթերին։ Այլանթն ամբողջովին դուրս է մղում էնդեմիկ տեսակներին, առաջացնում է մոնոմշակութային էկոհամակարգ։ Ցավոք, այս տեսակից ազատվելու համար օգտագործվում են տարբեր հերբիցիդներ և այլ քիմիական նյութեր, որոնք քաղաքում օգտագործելը չի խրախուսվում, քանի որ առանց այն էլ քաղաքի էկոլոգիական վիճակը այնքան էլ բարվոք չէ։
Այլանթը լայնորեն օգտագործվում է որպես դեղամիջոց և կարող է լինել օգտակար, սակայն քանի որ թուրմը պարունակում է թույներ, ուստի օգտագործման ժամանակ պետք է լինել զգուշավոր։ Ոչ միայն Երեւանում, այլև գրեթե բոլոր քաղաքներում Այլանթը դարձել է չարիք, տարվում են աշխատանքներ՝ այդ ծառից ձերբազատվելու համար»։