Ալեքսանդր Իսկանդարյան. Ռուսական ազդեցությունը տարածաշրջանում նվազել է 2020-ի պատերազմի ժամանակ
«Արդեն սխալ է անվանել ղարաբաղյան հակամարտություն, այն հայ-ադրբեջանական է, իհարկե, հակամարտության կենտրոնում Արցախն է»,- Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, Արցախում, Արցախի շուրջ տեղի ունեցող իրավիճակն այս հակամարտության մեջ ամենակարևորն է, սակայն միակը չէ։ Նա հիշեցրել է, որ վերջին լուրջ էսկալյացիաները տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, հայկական կողմից զոհեր են լինում հենց հայ-ադրբեջանական սահմանին։
Խոսելով Ռուսաստանի ազդեցության մասին Հարավային Կովկասում, նա նախ նշել է՝ Հայաստանում հասկանում են, որ մենք Ռուսաստանից շատ ուժեղ կախվածություն ունենք։
Ա. Իսկանդարյանը չի կարծում է, որ Ռուսաստանն ընդհանրապես կցանկանա ազատվել Հարավային Կովկասից, որոշի, որ Հայաստանը պահելը կամ անվտանգության երաշխավոր լինելը թանկ է, քան հեռանալն ու ողջ տարածաշրջանը կորցնելը։
«Հիմա, հազիվ թե նման որոշում կայացնի, թեև ՌԴ ղեկավար շրջանակներում կան նման կարծիք ունեցող մարդիկ։ Նրանք կարծում են, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը մինչև վերջ «մերը» չեն լինի։ Բայց նրանք ղեկավարության շրջանում կարծիք ստեղծող չեն»,- ասել է քաղաքագետը։
Ըստ նրա, եթե ՌԴ-ն կողմերից մեկին աջակցի, կկորցնի և մեկին, և մյուսին. «Եթե աջակցի Ադրբեջանին, կկորցնի Հայաստանը, հետո կկորցնի Ադրբեջանը։ Կամ աջակցի Հայաստանին Արցախի հետ, կկորցնի Ադրբեջանը, հետո Հայաստանը Արցախի հետ։ Այդ իսկ պատճառով ինչ-որ կերպ կմնա այստեղ, բայց ինչպես ասում են «մնացորդային սկզբունքով», իրեն հիմնական մտահոգությունը Ուկրաինան է։
Անհնար է, որ մեր տարածաշրջանում ընդհանրապես կորի ռուսական ազդեցությունը։ Հարևանությամբ գտնվող նման մեծության երկիրը չի կարող սկզբունքորեն կորել տարածաշրջանից։ Ռուսաստանը կունենա իր ազդեցությունը մեր տարածաշրջանում, եթե անգամ Ռուսաստանը չցանկանա։ Նույնիսկ եթե ցանկանա լինել մեկուսացված երկիր, հեռանա ամեն տեղից, միևնույնն է՝ անհնար կլինի չնկատել այդ պետության ազդեցությունը»։
Նա հնարավոր է համարում, որ ռուսական ազդեցությունը նվազի տարածաշրջանում, և հնարավոր է, որ դա տեղի է ունենում հիմա մեր աչքի առաջ։
«Դա տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմի ժամանակ, այն, որ Թուրքիան ստրատեգիական իմաստով մտավ մեր տարածաշրջան։ Այն տնտեսապես, մշակութային առումով եղել է մեր տարածաշրջանում, Ադրբեջանում, Վրաստանում էլ, բայց ստարատեգիական իմաստով մտավ 2020 թվականի պատերազմից հետո։ Նրանք այստեղ են, ռուսները ստիպված նրանց հաշվի են առնում, քանի որ Թուրքիան շատ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Ադրբեջանը»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը։