Իսկանդարյան. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարդիկ իշխանության եկան ոչ ղարաբաղյան խնդրով
«2020 թվականի աշնանը Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմն ավելի շատ պետք էր Ադրբեջանին, քան Թուրքիային։ Անկարան հովանավորում էր այս պատերազմը, սակայն շահառուն հիմնականում Բաքուն էր»,- այս մասին «Հարցեր կան» հաղորդման ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ըստ նրա, մյուս կողմից, Ադրբեջանին միանշանակ և անվերապահ աջակցությունն այն գործիքն է, որով Թուրքիան մտնում է մեր տարածաշրջան. «Համապատասխանաբար, կա շահերի համընկնում։ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը 100 տոկոսով չեն համընկնում։ Բայց ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, հայկական հարցին, հայկական խնդրին, նույնիսկ քաղաքականությունը համատեղելու կարիք չկա, դա ուղղակի մեկն է։ Ուշադրություն դարձրեք. այն պահանջները, որոնք այժմ թուրքերը մեզ են ներկայացնում, ոչ թե թուրքերի, այլ ադրբեջանցիների պահանջներն են։ Ասում են, արա Ալիևի ասածը, ու ամեն ինչ լավ կլինի։ Թե ի՞նչ լավ կլինի, միայն Աստված գիտի։ Բայց նրանք այդպես են ասում։ Ըստ այդմ, ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այստեղ գործ ունենք Անկարայի և Բաքվի միասնական քաղաքականության հետ»,- ասել է քաղաքագետը։
«Այն դիսկուրսը, որ Արցախը բեռ է, ոչ թե երաշխիք, վաղուց գոյություն ունի Հայաստանում ՝ իշխանության ղեկին գտնվող մարդկանց իշխանության գալուց շատ առաջ։ Ես չեմ կարողանում իրենց նոր անվանել, քանի որ նրանք արդեն 5 տարի է իշխանություն են։ 2018 թվականին նոր էլիտաների իշխանության գալն այս երևույթի արդյունքն է, ոչ թե պատճառը։ Ժամանակակից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարդիկ իշխանության եկան ոչ ղարաբաղյան խնդրով»,- նշել է նա։
Հարցին, թե ինչո՞ւ այս իշխանությունը հանրությունից մանդատ ստացավ, Ա. Իսկանդարյանը նշել է. «Հասարակությունն, ըստ ամենայնի, վստահ էր, որ Հայաստանի հիմնական խնդիրը ներքաղաքական բնույթի խնդիրներն են՝ կոռուպցիա, փողերի անարդար բաշխում և այլն։ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Սա իրականում զարմանալի է, քանի որ 2016 թվականին, իմ կարծիքով, ամեն ինչ պարզ դարձավ։ Բայց, այնուամենայնիվ, հասարակությունը կենտրոնացած էր այլ խնդիրների վրա։ Երբեմն պատահում է... Այսպիսով իշխանության եկան մարդիկ, ովքեր իրենց ծրագրերում ոչ մի բառ չեն ասել Արցախի մասին»։
«2021 թվականը փոխել է իրավիճակը Հայաստանում։ Հիմա մեր քննարկման հիմնական թեման Արցախն է։ Այն, ինչում ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին, դա Արցախն է։ Այն, ինչում իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը, դա Արցախն է։
Ղարաբաղյան խնդիրը վերադարձել է։ Եվ հիմա հասարակության մեջ քննարկվող հիմնական հարցը Արցախն է։ Միայն թե իրավիճակն այլ է»,- ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։