Իրանը ծրագրում է գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի մասնակցությամբ
Իրանը Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի մասնակցությամբ ծրագրում է գազային հանգույց ստեղծել Ասալույե արդյունաբերական շրջանում, որը գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային ափին գտնվող Բուշեհր նահանգում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ունենք աշխարհում գազի մեծությամբ երկրորդ պաշարները, այդ պատճառով նախատեսում ենք Ասալույեի շրջանում գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ», - ասել է նա, սակայն նախագծի իրականացման հնարավոր ժամկետներ չի նշել։
Անցյալ ամիս Օուջին հայտնել էր, որ Իրանն ու Ռուսաստանը քննարկում են Իսլամական Հանրապետության տարածքում տասը նոր նավթագազային հանքավայրերի մշակման հարցը:
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները բանակցություններ են վարում «Գազպրոմի» հետ, որի հետ նախարարը համատեղ նախագծերը գնահատել է 40 միլիարդ դոլար։ Մասնավորապես՝ «Գազպրոմը» դիտարկում է Քիշի և Հյուսիսային Փարսի հանքավայրերի շահագործման հնարավորությունը։