Աներոջ սպանության համար հոգեբուժարանում անցկացրած Գոռ Տեր-Եսայանը խնդիրներ ունի ընտանիքի հետ
Hayastan.news-ը գրում է․
Այսօր համացանցում մի տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Լիանա Մարգարյան անունով մի կին պատմում, որ իր երեխաների աչքի առաջ հրազենային կրակոցով իր հորը սպանած նախկին ամուսինը հետապնդում իրեն, սպառնում իրեն ու իր հարազատներին։ Կնոջ խոսքով՝ ինքը թաքնված է այժմ, չնայած որ իր ու իր երեխաների նկատմամբ հետախուզում է հայտարարված և որոնվում են իբ րև անհետ կորած, բայց իր անվտանգությունից ելնելով՝ ինքը չի բացահայտում իր գտնվելու վայրը։
Լիանա Մարգարյանի ամուսինը ՀՀ ոստիկանության վեցերորրդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանն է, որը 2020 թվականի մարտի 19-ին, ըստ Լիանա Մարգարյանի՝ գտնվելով թրմանյութի և ալկոհոլի ազդեցության տակ, ԱԿ 74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ արձակելով՝ տան մեջ սպանել է Լիանա Մարգարյանի հորը 47-ամյա Արթուր Մարգարյանին։ Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով, սակայն Գոռ Տեր-Եսայանին ճանաչել են անմեղսունակ և երկու տարի Նուբարաշենի հոգեբուժարանում անցկացնելուց հետո՝ վերջինս հայտնվել է նորից ազատության մեջ։
Տեսանյութի տարածման պահից սկսած՝ համացանցում ակտիվորեն քննարկվում է այս դեպքը։ Hayastan.news-ին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Գոռ Տեր-Եսայանի մասին։
Ըստ աղբյուրի՝ Գոռ Տեր-Եսայանը բավականին հարուստ է, Երևանի կենտրոնում, մասնավորապես՝ Ամիրյան փողոցում մի շարք առևտրային տարածքներ ունի, որոնք վարձակալությամբ են տրված։ Բնակվում է Ծիծեռնակաբերդի խճուղու նորակառույց շենքում, ունի թիկնապահներ, որոնք մշտական հսկողություն են իրականացնում նրա տան մոտ, անգամ քնում են շքամուտքում։ Աներոջ սպանության համար երկու տարի հոգեբուժարանում անցկացրած, հետո ազատ արձակված Գոռ Տեր-Եսայանը, ինչպես մեզ պատմեցին, խնդիրներ ունի նաև իր մոր և հարազատ եղբոր հետ։ Ամիրյանում վարձակալությամբ տրված տարածքները Գոռ Տեր-Եսայանի հայրը որպես ժառանգություն թողել է Գոռի եղբոր անունով, և դա կռվախնձոր է դարձել եղբայրների միջև։ Ըստ աղբյուրի՝ Գոռ Տեր-Եսայանը մի քանի անգամ գնացել՝ այդ տարածքների վարձակալների հետ վիճաբանության մեջ է մտել, որից հետո զանգահարել են ոստիկանություն, նրան տարել են բաժին, մի քանի ժամ անց նորից բաց են թողել, ու Տեր-Եսայանը նորից շարունակել է իր «գործունեությունը»։ Պատմեցին, որ նրա դեմ ոստիկանություն են դիմած եղել նաև հարևանները, բայց ոստիկանությունը նրան ազատ է արձակել։