«Ժողովուրդ». Մհեր Սահակյանը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին. Վլադիմիր Վարդանյանի հետ տարաձայնություններ ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո Սահակյանը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին, քանի որ Վլադիմիր Վարդանյանի հետ մինչ օրս լուրջ տարաձայնություններ ունի։
«Ժողովուրդ» օրաթերթին խորհրդարանի իշխանական շրջանակներն ասացին, որ պատգամավորը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին, բայց դրա դիմաց աշխատավարձը ստացել է առանց պահումների: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մհեր Սահակյանը, սակայն, այս առիթով ասաց. «Եղել է, որ մասնակցել եմ, եղել է՝ չեմ մասնակցել: Ես իմ գործառույթները, պարտականությունները կատարել եմ։ Եղել է, որ գործուղման մեջ եմ եղել, կամ ուրիշ աշխատանքի եմ եղել, բայց նիստերի էլ եմ մասնակցել»:
Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք ամբողջական աշխատավարձ ստացել է այդ ընթացքում։ «Չեմ նայել, ճիշտն ասած, հատուկ հաշվառում չեմ արել»,- ասաց Սահակյանը: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Մհեր Սահակյանի գործով դատական նիստը հետաձգվել էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 26-ին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում