Վաղ թե ուշ ՀԱՀԳԲ նահատակ մարտիկների մասունքները կհանգչեն Եռաբլուրում՝ մեր մյուս հերոսների կողքին․ Վազգեն Պետրոսյան
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) Եվրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն էր Փիեր Գյուլումյանը։
Նրա նահատակությունից 40 տարի անց՝ նախորդ տարի դեկտեմբերի սկզբին, Փարիզից Հայրենիք փոխադրվեց Գյուլումյանի աճյունը՝ ընտանիքի ցանկությամբ եւ Հայաստանի ժողովրդական շարժման (ՀԺՇ) նախաձեռնությամբ։
1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետեւանքով մահացած ՀԱՀԳԲ մարտիկի աճյունը ս.թ. մայիսի 21-ին, տարբեր երկրներից ժամանած հարազատների եւ մի խումբ մարտական ընկերների ներկայությամբ, առժամանակ ամփոփվեց Երեւանի «Շահումյան» գերեզմանատանը։ Մինչդեռ պետք է ամփոփվեր Եռաբլուրում՝ ՀԱՀԳԲ-ի (ASALA) նահատակներին նվիրված հուշահամալիրում։ Այնտեղ արդեն 23 տարի` ճիշտ այնքան, որքան հասցրել է ապրել Փիերը, տեղադրված են նրա եւ չորս տասնյակ մարտական ընկերների տապանաքարերը։
«Փիերի աճյունը փոխադրելու եւ Եռաբլուրում ամփոփելու թույլտվությունը ստացել էինք 2017-ին, վերահաստատվել էր 2019-ին։ Կար գիտակցումը, որ նահատակ հերոսների շիրիմը Հայրենիքում պետք է լինի, իսկ 2016-ի պատերազմից հետո շատ անհրաժեշտ էր ազգային ոգին բարձր ու զգոն պահել։ Սակայն, գործող իշխանությունը սույն թվականի մայիսի 19-ին մերժեց՝ հղում կատարելով Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հրամայականներին»,- պարզաբանել է Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը՝ հունիսի 8-ին Նոյյան տապանում հրավիրված ասուլիսում։
«Ո՛չ որպես մարդ, ո՛չ որպես հայ, ո՛չ էլ որպես պատմաբան չեմ կարող ընդունելի համարել այս մերժումը»,- հայտնել է պատմաբան Հովիկ Գրիգորյանը եւ փաստել. «ՀԱՀԳԲ գործունեությունը հայկական սփյուռքին հայ մնալու գիտակցման մղեց, իսկ աշխարհին՝ առավելաբար Եվրոպային, ստիպեց տեսնել հայկական պահանջատիրությունը։ ԱՍԱԼԱ-ից առաջ ի՞նչ մակարդակում էր հայոց ցեղասպանության ճանաչումը՝ համարյա զրոյական, իսկ հետո՝ այն երկրները, որոնցում գաղտնի բանակը խփեց թուրքական թիրախներին, հերթով ճանաչեցին հայոց ցեղասպանությունը»։
«Հայ գաղտնի բանակը 1980-ականներին Թուրքիայի ահ ու սարսափն էր։ Հային հպարտություն, պատվախնդրություն ներշնչող այս կազմակերպության առանցքային դերակատարներից էր Փիերը։ Նաև նրան ենք պարտական շատ կարճ ժամանակում ֆրանսիական բանտից Մոնթեի ազատագրվելու, հետեւաբար եւ Արցախում վերջինիս վճռորոշ ներկայության համար։ Այսպիսի՛ հայի աճյունը Եռաբլուրում հուղարկավորելն են արգելել Հայաստանի իշխանությունները՝ նվեր անելով իրենց բարեկամ Թուքիային»,- ասել է գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։
Բանախոսները մերժումը դիտարկում են հայության ներուժը տրոհելու, փոշիացնելու իշխանության կողմից տարվող քաղաքականության եւս մի դրսեորում, որը ոչ մի կերպ չպիտի դառնա նահանջելու կամ զիջելու պատճառ։
«Ոչ մեկի ճրագը մինչև լույս չի վառվում… Վաղ թե ուշ ՀԱՀԳԲ նահատակ մարտիկների մասունքները կհանգչեն Եռաբլուրում՝ մեր մյուս հերոսների կողքին։ Խորապես համոզված ենք, որ ազգի համընդհանուր ներուժի գերլարումով՝ հնարավոր է հաղթահարել սպառնալիքները»,- եզրափակել է ՀԺՇ համակարգող Վազգեն Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան