Հայ և իտալացի գիտնականներն ուսումնասիրրում են կուրկումինով հագեցած նանոմասնիկների հակաքաղցկեղային հատկությունը
Հունիսի 7-ին կենսատեխնոլոգիայի ոլորտում հայտնի գիտնական՝ Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի Կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի ինստիտուտից դոկտոր Ջիովանի Ռովիելոն, ՀՀ ԳԱԱ-ում հանդես է եկել զեկուցմամբ։ Նրա զեկույցի թեման էր «Նուկլեոամինաթթուների վրա հիմնված նոր առաքման համակարգեր, հակաքաղցկեղային դեղամիջոցի ինկապսուլյացիայի համար. կուրկումին բնական նյութի օգտագործումը» (“New delivery systems based on nucleoamino acids for anticancer drug encapsulation: applications with the natural product curcumin”)։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, դոկտոր Ջիովանի Ռովիելոն ներկայացրել է Երևանի պետական համալասարանի Ֆարմացիայի ինստիտուտի գիտական խմբի հետ կատարվող աշխատանքները։ Գիտական խումբը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։
Նա նշել է, որ ուսումնասիրում են կուրկումին բնական նյութի հակաքաղցկեղային ազդեցությունը։ Քանի որ կուրկումինն արագ քայքայվում է օրգանիզմում, իրականացնում են կուրկումինի տեղափոխում կապակցված, ինքնահավաքվող նանոմասնիկների մեջ՝ դրանով պաշտպանելով կուրկումինը։ Ներկայում իրականացնում են հետազոտություն՝ քաղցկեղային բջջի մեջ կուրկումինով նանոմասնիկների տեղափոխման և դրանց՝ քաղցկեղային բջիջների վրա ազդեցության պարզման վերաբերյալ։
Ջիովանի Ռովիելոն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Սինթետիկ ալֆա-ամինոթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերը հակաքաղցկեղային ռազմավարության մշակման համար» թեմայով հայ-իտալական համատեղ հետազոտությունների աջակցության դրամաշնորհի իտալական խմբի գիտական ղեկավարն է։ Դրամաշնորհի շրջանակներում ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում դոկտոր Ջիովանի Ռովիելոյի հետ համագործակցությամբ սինթեզվում են սինթետիկ արոմատիկ ամինոթթուներ, որոնք պետք է հեշտացնեն կուրկումինով նանոմասնիկների տեղափոխումը քաղցկեղային բջիջներ։
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շնորհակալություն է հայտնել Ջիովանի Ռովիելոյին հետաքրքիր զեկույցի համար և հանձնեց նրան ՀՀ ԳԱԱ սերտիֆիկատ համագործակցության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին