Մայք Փենսը պաշտոնապես սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ ամերիկացիներին խոստանալով «նոր ղեկավարություն
Դոնալդ Թրամփի իշխանության տարիներին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Մայք Փենսը պաշտոնապես սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ ամերիկացիներին խոստանալով «նոր ղեկավարություն», գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Այովա նահանգից հղած տեսաուղերձի միջոցով նախկին փոխնախագահը հայտարարել է՝ «նոր ժամանակները պահանջում են նոր ղեկավարություն»։
«Այսօր մեր երկրին և մեր կուսակցությանը հարկավոր է առաջնորդ, ով, ինչպես նախագահ Լինքոլնն է ասել, ցուցադրում է իր լավագույն որակները»,- ասել է Փենսը։
Ավելի վաղ՝ նախկին փոխնախագահը ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով էր ներկայացրել 2024թ․ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու մասին իր հայտարարությունը։ Այն անհրաժեշտ փաստաթուղթ է՝ ընտրություններին առաջադրվելու համար։
Ինդիանայի նախկին նահանգապետ և հավատարիմ պահպանողական Փենսը ծրագրում է մեծ քարոզարշավ անցկացնել Այովայում, ուր նրա պահպանողական մոտեցումները բազամթիվ հարցերի շուրջ, ներառյալ՝ աբորտի արգելման վերաբերյալ, կարող են օգնել նրան շահել պահպանողական ընտրողների, այդ թվում՝ ավետարանականների ձայները:
Փենսի խորհրդականները կարծում են, որ Այովա նահանգում Հանրապետական կուսակցության բավականաչափ անդամներ կան, որոնք կաջակցեն նրան։
Նախկին փոխնախագահի միանալը Սպիտակ տուն տանող մրցավազքին նշանակում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ունենալու է ևս մեկ մրցակից։ Թրամփի հարաբերությունները Փենսի հետ վատացան 2021 թվականի հունվարի 6-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ նախկին նախագահի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում:
Մայք Փենսը Փենսը սուր քննադատության ենթարկեց և հրաժարվեց աջակցել Դոնալդ Թրամփին, երբ վերջինս փորձում էր հասնել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկմանը, որոնց համաձայն հաղթանակ էր տարել Ջո Բայդենը։