Պահուստային ֆոնդից լրացուցիչ 358,3 մլն դրամ հատկացվեց ՀՀ-ի մարզաձևերի ֆեդերացիաներին
Կառավարությունը որոշում ընդունեց իր պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի հաստատված բյուջեն ավելացնել 358,3 մլն դրամով:
Հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասաց, որ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ:
Ըստ փոխնախարարի ֆեդերացիները նաև կմասնակցեն միջազգային մրցաշարերին, ավելացնելով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:
Խզմալյանը հայտարարեց, որ ֆեդերացիաներին ֆինանսավորելու նախորդ նմանատիպ որոշումը տվել է իր արդյունքները և 2022 թվականի հայ մարզիկները Հայաստան են բերել աննախադեպ շատ՝ 307 մեդալ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ ֆինանսավորման հատկացումը անհրաժեշտ է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցելու, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպելու և անցկացնելու համար: Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդից 358,353.0 հազար դրամը ուղղել 1041 ծրագրին, որից «Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից մարզիկների պատրաստում և տարբեր մարզաձևերի ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի անցկացում, ուսումնամարզական հավաքների կազմակերպում և միջազգային միջոցառումներին մասնակցություն» միջոցառմանը` 337,881.0 հազար դրամ և 20,472.0 հազար դրամը «Երևանում կայանալիք շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի անցկացում» միջոցառմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան