Ոչ մի կետից ադրբեջանցիները հետ չեն գնացել. Տեղ համայնքի բնակիչ
Տեղ համայնքում առկա իրավիճակի մասին ստույգ տեղեկություն ստանալու համար 168.am-ը դիմեց տեղաբնակներին: Մեզ հետ զրույցում Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցն ասաց, որ ոչ մի ադրբեջանցի էլ Տեղ համայնքում որևէ կետից հետ չի գնացել։
«Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր, ոչ մի կետից ու դիրքերից ադրբեջանցիները հետ չեն գնացել, նույն տեղերում կանգնած են։ Ոչ մի մետր հետ չեն գնացել»,- նշել է նա։
Նա դժվարացել է ասել, թե ինչու է մարզպետը տեղեկություն տարածել, թե ադրբեջանական կողմը ինչ-որ հատվածներում հետ է գնացել։
«Բա հարցնեիք՝ ինչո՞ւ եք այնպիսի բաներ ասում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Բայց ես լսեցի, որ մարզպետն ասաց, որ պետք է հետ գնան, չգիտեմ՝ այդ մասին երբ է ասել»,- հավելել է նա։
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ մարզպետարան չի դիմելու փոխհատուցում ստանալու համար, քանի որ ադբեջանցիների առաջ գալու հետևանքով իր ցորենի դաշտը մնացել է նրանց հսկողության տակ։
«Եթե պետք է ցորենի փոխհատուցում տան, դա ինձ պետք չէ։ Արցախում մարդիկ այդքան տուն կորցրեցին, այդքան ապրուստ, փոխհատուցում տվե՞լ են, հայրենիք կորցրեցին՝ կարո՞ղ են փոխհատուցում տալ»,- եզրափակել է Արարատ Շեգունցը։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել էր, թե իր տեղեկություններով՝ Տեղ համայնքում ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները, որոնք առաջ էին եկել, ինչ-որ հատվածներում հետ են գնացել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան