Ինչու ալյուրը էժանացել է 10.4%-ով, իսկ հացը՝ ընդամենը 0.2%-ով.Մեկնաբանում է Բաբկեն Պիպոյանը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով Հայաստանում 2023թ. մայիսին 2022թ. նույն ամսվա համեմատ ալյուրի գինը նվազել է 10.4%-ով, սակայն այդ նույն ժամանակահատվածում հացի գինը նվազել է 0.2%-ով: Նախորդ տարիներին արձանագրված գնաճի աննախադեպ ֆոնին ալյուրի գրանցված նման գնանկումը շարքային սպառողն այդպես էլ չի զգում: Միտումը մեկնաբանելու խնդրանքով Panorama.am-ը դիմեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին:
«Գործ ունենք իրար հավասար, եթե նույնիսկ հավասար չեն, ապա կարևորությամբ հավասար գործոնի հետ, այնպիսին, որ առանձին-առանձին իրավունք չունենք դիտարկել,:
Առաջին՝ ըստ էության շուկան գնային տեսանկյունից չի վերահսկվում, իսկ հացն այն սպառման ապրանքն է, որի գնի իջեցումը դինամիկայի տեսանկյունից ավելի դանդաղ է տեղի ունենում: Սա առաջին գործոնը՝ չկա վերահսկողություն և ինքնակարգավորման տեսանկյունից նոր խաղացողներ ի հայտ գալը, որոնք գին կզսպեն, դժվար կլինի:
Երկրորդ գործոնն էլ այն է, որ մենք իրավունք էլ չունենք ուղիղ համեմատություն անելու ալյուրի և հացի գնի միջև, որովհետև հացի ինքնարժեքի մեջ ալյուրը ունի մեծ տեսակարար կշիռ, բայց ամբողջությամբ ալյուրը չէ, որ ձևավորում է հացի ինքնարժեքը: Սկսած էլեկտրաէներգիայից, ջրից, վերջացրած բարելավիչներով, որոնք օգտագործվում են և, ի վերջո, կարևոր գործոնը՝ աշխատուժը, ազդում են հացի ինքնարժեքի վրա և չի բացառվում, որ, օրինակ, ալյուրի գինը նվազի, իսկ հացի գինն անգամ թանկանա:
Բայց այլ հարց է, որ մեր երկրում չկա պատշաճ հսկողություն, անգամ գործառութային իմաստով երևի թե բարդ խնդիր է, քանի որ գերիշխող դիրք ունեցող ընկերություններ չկան: Այստեղ կարող ենք ապավինել բացառապես մի քանի բարեխիղճ տնտեսվարողի վրա, որոնք գերշահույթներ հետապնդելու փոխարեն, թափանցիկ կներկայացնեն հացի գնի իջեցման հնարավորությունը և ոչ միայն կներկայացնեն, այլ նաև կանեն, դրանից հետո արդեն հեշտ կլինի պնդումներ անել»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հացը, ալյուրը, մակարոնեղենը և առաջին անհրաժեշտության այլ մթերքները թանկացել են 10-28%-ով
- Հայաստանում հացի արտադրությունը նվազել է
- Վրաստանում հացի գինն այս ամիս ամենաշատն է բարձրացել
- ԵՄ-ում հացի գինը կտրուկ թանկացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին