Բագրատ Սրբազան. Սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն
Հունիսի 7-ին աշխարհի 4 ծագերից Տավուշ էին ժամանել վարդապետներ ու աբեղաներ։ Այդ օրն առավոտյան Մայր Աթոռից ժամանած միաբաններ Իջևանի շատրվանների հրապարակում Անդաստանի կարգ էին կատարել, այնուհետև, խմբերի բաժանվելով, այցելել մեր նահատակ հերոսների ընտանիքներին։ Երեկոյան բոլորը կրկին միաբանվել էին․ երեկոյան ժամերգություն և հոգու խաղաղության համար աղոթք կատարվել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր խոսքում ասել է.
«Մեզ համար չափազանց կարևոր է այսօր Ոսկեպարում լինելը։
Դուք աշխարհի բոլոր ծագերից ժամանել եք Հայաստան աշխարհ մեր կյանքի ամենադժվար ու ամենաբարդ ժամանակներում։ Այդ ամենը ձեր սրտերում պարուրած, ծվարած՝ այս մեծ հոգևոր ճանապարհորդությունն եք կատարել՝ միասին՝ սիրտ-սրտի, գլուխ-գլխի, աչք առ աչք, ձեռքերն ամուր կերպով բռնած՝ խորհելու, մտածելու, աղոթելու, միասին սիրո ճաշ բաժանելու, վերահաստատելու հավատարմությունը մեր Տիրոջ ուխտի նկատմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ և մեր ազգային տեսիլքի նկատմամբ։
Առանձնահատուկ շնորհակալ եմ, որ ընտրել եք Տավուշ աշխարհի սահմանապահ այս երկար ուղին անցնելու՝ սկսած Իջևանից մինչև Նոյեմբերյանի խորքը։ Եվ որ Դուք ձեր աչքերով տեսնեք և ձեր սրտով զգաք այս ժողովրդի տարիների համառությունն ու կամքը, որ անկախ բոլոր տեսակի պայմաններից մեր ժողովուրդը դրսևորել ու դրսևորում է, ուխտ է կնքել չլքելու Հայրենիքը, ուխտ է կնքել չլքելու իր սրբությունները, իր շիրիմները և իր ժառանգությունը, և արյունով գնված այս սրբազան երկիրը, որտեղ ավելի շատ արյուն է հեղվել, քան թե ջուր։
Մենք այսօր գտնվում ենք մեր տարածաշրջանի և հայ ժողովրդի կյանքի ամենախորհրդավոր վայրերից մեկում։ Մեզ համար չափազանց կարևոր է այսօր այստեղ լինելը։ Ուզում եմ որ մենք հռչակենք, վերստին հռչակենք և 1000 անգամ հռչակենք, որ սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն, այստեղ չկա թշնամական որևէ ոտնձգության առջև հանձնվելու մտածում կամ ցանկություն։
Սա մեր օրերի փորձաքարներից մեկն է։
Այս տաճարը 7-րդ դարի տաճար է։ Այն ետ է բերվել 1980-ականների վերջին՝ մեծ սխրանքով։ Սա մեր գոյության վկայությունն է։ Այստեղ ոստիկաններ են առևանգվել և սպանվել։ Այստեղ մեր հազարավոր հայրենակիցներ են զոհաբերվել։ Այս Սուրբ տաճարը դարձել է մեր սահմանագոտու արթուն հսկողը։ Քիչ վերն են մեր թշնամիները, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
Մեր Երուսաղեմի աթոռից, Կիլիկիո աթոռից, Պոլսո պատրիարքությունից ժամանակ բոլորիդ բարի գալուստ մաղթելով՝ առանձնահատուկ կերպով ուզում եմ բոլորիս անունով գնատահանքով բարի գալուստ ասել մեր սիրելի Հայր Սահակին, ով այսօր ժամանել է գերեվարված Արցախից։ Մեր բոլորի մտածումների առանցքն այսօր Արցախն է։ Հայր Սուրբը, մի տեսակ, մեր ժողովրդին է բերել իր հետ։ Այն ժողովրդին, որ մեր ընդհանրական պատիվն է փրկում այսօր։ Առանձնահատուկ ողջույն Հայր Սահակին, իր միջոցով, մեր բոլորի անունով Արցախում ապրող, Արցախում կռվող մեր սիրելի հայրենատեր քույրերին և եղբայրներին։
Ոսկեպարի այս Սուրբ Աստվածածին 7-րդ դարի տաճարից թող մեր ողջույնն ու սերը գնա Գանձասար, Գանձասարից Ամարաս, Ղազանչեցոց և գերեվարված մեր ողջ ժառանգությանը»։