Պարզաբանումներ՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տեսախցիկների ձեռք բերման վերաբերյալ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, որում ասվում է.
«2023 թվականի հունիսի 9-ին «Hraparak.am» կայքում հրապարակված և տարբեր այլ լրատվամիջոցների կողմից տարածվող «Կասկածելի տենդեր` հայտնի արդյունքով» հրապարակումն ունի որոշակի պարզաբանումների անհրաժեշտություն, որոնք նպատակ ունեն հստակ ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտեի կողմից տեսախցիկների ձեռք բերման ուղղությամբ իրականացված ողջ մանրամասները` անթույլատրելի համարելով համակողմանի քննարկումների ու վերլուծությունների արդյունքում կազմակերպված մրցութային գործընթացի վերաբերյալ չճշտված տեղեկությունների հրապարակումը:
Նախ հարկ է տեղեկացնել, որ ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) 2023 թվականի մարտի 31-ին կինոխցիկների (տեսաձայնագրման սարքերի) ձեռք բերման նպատակով էլեկտրոնային աճուրդ համակարգի միջոցով հրապարակել է թիվ «ՀՀ ՔԿ ԷԱՃԱՊՁԲ-ՏՁՍ-23/1» ծածկագրով գնման ընթացակարգի հրավեր, որում (ի թիվս այլ տեղեկությունների) ներառված է եղել նաև գնման առարկայի համապատասխան տեխնիկական բնութագիրը` հասանելի լինելով բոլոր հետաքրքրվողների համար. մրցութային գործընթացը կազմակերպվել է էլեկտրոնային համակարգի միջոցով և չէր կարող որևէ դետալ ուշացած կերպով մատուցվել որևէ հետաքրքրվողի:
Աճուրդի արդյունքում հայտեր են ներկայացրել թվով 5 (հինգ) կազմակերպություններ՝ «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ն, «ԻՏ ՊՐՈՋԵԿՏՍ», «ՊՐԵՄԻՈՒՄ ՔՈՒԱԼԻԹԻ» ՍՊԸ-ն, «ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ն և «ԱԼԻԿԱՆՏԵ» ՍՊԸ-ն:
Էլեկտրոնային աճուրդ համակարգի կողմից «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ն համարվել է առաջին տեղ զբաղեցրած մասնակից, սակայն վերջինիս ներկայացրած հայտի ուսումնասիրության արդյունքում գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ն էլեկտրոնային աճուրդ համակարգի միջոցով չի կցել համապատասխան չափով հայտի ապահովումը (կանխիկ գումարի վճարման անդորրագրի կամ բանկային երաշխիքի ձևով, ինչի բացակայությունը, «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության համաձայն, հիմք է հայտը մերժելու համար):
Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 40-րդ կետի 4-րդ ենթակետի և տվյալ ընթացակարգի հրավերի 7.1 կետի պահանջները, մերժել է «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ի հայտը, և գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած:
Այնուհետև, հիմք ընդունելով գնման հրատապությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով 2023 թվականի հուլիսի 1-ից քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման պահանջ), որոշում է կայացվել կինոխցիկների (տեսաձայնագրման սարքերի) ձեռք բերումն իրականացնել հրատապ բաց մրցույթ գնման ձևի կիրառմամբ ու նույն տեխնիկական բնութագրի պահպանմամբ, և 2023 թվականի մայիսի 5-ին հրապարակվել է երկրորդ մրցույթը` թիվ «ՀՀ ՔԿ ՀԲՄԱՊՁԲ-ՏՁՍ-23/1» ծածկագրով: Մրցույթի արդյունքում հայտ է ներկայացրել մեկ մասնակից՝ «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ՍՊԸ-ն, որի առաջարկած գինը կազմել է 167 640 000 (հարյուր վաթսունյոթ միլիոն վեց հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:
Գնահատող հանձնաժողովի կողմից «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ՍՊԸ-ի հայտը գնահատվել է բավարար, քանի որ ներկայացված փաստաթղթերը բավարարել են հրավերի պահանջներին, ինչպես նաև մասնակցի կողմից ներկայացված, առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագրում ներառված որոշ չափորոշիչներ գերազանցել են հրավերով նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրի` նվազագույն պահանջներին:
Տեսախցիկի՝ տեխնիկական բնութագրով նախատեսված տեսաձայնագրման 1400 հորիզոնական անկյուն ունենալու պահանջը պայմանավորված է տարբեր իրավիճակներում (ինչպես աշխատասենյակային, այնպես էլ՝ բաց տարածություններում) քննչական գործողությունների իրականացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև՝ այդ իրավիճակներում քննչական գործողությունների նկարահանվող տեսանյութի մոդելավորմամբ, դատավարության բոլոր մասնակիցների (հարցաքննվող անձ, թարգմանիչ, փաստաբան և այլն) տեսանկարահանվող նյութում ընդգրկման պարտադիր պահանջով և այլն:
Հարկ ենք համարում նշել, որ թիվ «ՀՀ ՔԿ ՀԲՄԱՊՁԲ-ՏՁՍ-23/1» ծածկագրով մրցույթի արդյունքում տեսաձայնագրման 1400 հորիզոնական անկյան վերաբերյալ էլեկտրոնային «armeps» համակարգի միջոցով օրենքով սահմանված կարգով հարցումներ չեն եղել: Ավելին, թե՛ առաջին, թե՛ երկրորդ մրցույթում 1400 հորիզոնական անկյան վերաբերյալ պահանջը եղել է նույնը և չի փոփոխվել:
Միաժամանակ հայտնում ենք նաև, որ տեխնիկական առաջադրանքներն անցել են բազմակողմանի քննարկումների փուլ և հաշվի են առնվել համապատասխան պետական մարմինների և շահագրգիռ այլ կազմակերպությունների` տեխնիկական մասնագետների կողմից ներկայացված բոլոր առաջարկություններն ու նկատառումները, ինչպես նաև տեխնիկական պայմանները մշակվել են համատեղ քննարկումների արդյունքում, ինչն էլ դրվել է մրցույթի հիմքում:
Ներկայում գնման գործընթացը գտնվում է մատակարարման փուլում, և արդյունքում կազմակերպվելու է պայմանագրով սահմանված տեխնիկական նկարագրին համապատասխան ապրանքի ընդունման գործընթացը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչու է Քննչական կոմիտեի մրցույթի առաջին փուլին մասնակցել 5 կազմակերպություն, իսկ երկրորդին` միայն մեկը
- «Հրապարակ». Հայաստանի բոլոր մաքսակետերում ՊԵԿ-ը տեսախցիկներ է տեղադրել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան