Մշակութաժամանցային միջոցառում՝ Արցախի երեխաների համար
Այսօր՝ հունիսի 9-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի հարակից տարածքում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի երեխաների համար կազմակերպվել է մշակութաժամանցային միջոցառում, որը կրում էր «Փոքրիկ արարողը» խորագիրը։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանն օրհնանքի խոսք է ասել Տեր Ներսես քահանա Ասրյանը։
«Արցախպրես»-ի հետ զրույցում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Հունան Թադևոսյանն ասել է, որ ծրագրի նպատակը շրջափակված Արցախի փոքրիկներին խինդ ու ժպիտ պարգևելն է՝ մի պահ շեղելով երկրի շուրջ ծավալվող իրադարձություններից:
«Միջոցառումը պետք է իրականացնեինք հունիսի 1-ին, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով այն կայացավ այսօր։ Սա մեր փոքրիկների բերանով Արցախի ձայնն աշխարհին լսելի դարձնելու մի տարբերակ է, կոչ միջազգային հանրությանը, որպեսզի ապաշրջափակեն կյանքի ճանապարհը, որ աշխարհում այլևս պատերազմներ չլինեն, մի օր դադարեցվի զենքի արտադրությունը, և բոլորն ապրեն համերաշխ։ Արցախցի երեխաների ծնողներն իրենց փոքրիկների օրն այս գորշ իրականությունից փոքր-ինչ տարբերվող դարձնելու համար ջանք չեն խնայում: Այսօր այդ բեռն իր վրա է վերցրել «Արարիչ»-ը և հետաքրքիր նվերներով, տոնական ծրագրով փորձել երեխաներին տոն պարգևել»,-մանրամասնել է Հ. Թադևոսյանը։
Շուշան Սարգսյանը` որպես երկու երեխաների մայր, շրջափակված Արցախից իր կոչն է հղում համայն աշխարհին՝ չանտեսել ծանրագույն օրեր ապրող Արցախն ու նրա ժողովրդին։
«Աշխարհից պահանջում եմ խաղաղություն, որպեսզի մեր երեխաները խաղաղ երկնքի տակ վայելեն իրենց մանկությունը։ Մեր իրավունքն է ապրել մեր տանը, մեր հողում, մեր Արցախում»,-նշել է Շ. Սարգսյանը՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը։
Միջոցառման բոլոր մասնակիցները վեր են բարձրացրել բռունցքները և հնչեցրել «Ասենք ոչ պատերազմին», «Ասենք ոչ Արցախի շրջափակմանը», «Ասենք ոչ խախտված իրավունքներին» կոչերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան