Կանանց աջակցման կենտրոն. Ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի կողմից բարձրացրած խնդիրները
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ն արածել է հայտարարություն Լիանա Մարգարյանի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ, որտեղ ասված է.
«Հունիսի 8-ին, սոցիալական ցանցերով և մեդիահարթակներով տեսանյութ է տարածվել, որում երիտասարդ կինը պատմում է ամուսնու կողմից հետապնդումների և սպառնալիքների մասին։ Լիանա Մարգարյանի խոսքերով, իր և երեխաների լուսանկարները տարածվում են «որոնվում են» վերտառությամբ, սակայն կինը չի կարող բացահայտել իրենց գտնվելու վայրը ամուսնու՝ Գոռ Տեր-Եսայանի սպառնալիքների պատճառով։ Նա նաև հայտարարում է, որ 2020 թվականին, Գոռ Տեր-Եսայանը, որը ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից է եղել, լինելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, հրազենի գործածմամբ կյանքից զրկել է կնոջ հորը։
Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով, սակայն սպանություն կատարած անձը՝ երկու տարի գտնվելով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, այժմ ազատության մեջ է։ Կինը բարձրաձայնում է Գոռ Տեր-Եսայանի հոգեբուժական փորձաքննությունների մասին, որոնք երկու անգամ նրան անմեղսունակ են ճանաչել, իսկ երրորդ փորձաքննությունը ոչ միայն հիմնավորել է տղամարդու մեղսունակությունը՝ հանցանքը կատարելիս, այլև՝ հիմնավոր կասկածներ հարուցել նախորդ երկու փորձաքննությունների վերաբերյալ։
Փաստացի, ազատության մեջ հայտնվելով, տղամարդը շարունակում է կնոջ նկատմամբ բռնությունները, ինչպես նաև, ամուսնալուծության գործընթացում դատարանի կողմից ստացել է երեխաների հետ տեսակցության իրավունք։ Դատարանը բավարարել է նաև կնոջից խոշոր ֆինանասական գումար բռնագանձելու ամուսնու պահանջը։ Կինն այս իրավիճակում ստիպված է եղել թաքնվել և հանրային ուշադրությունը սեևեռում է խնդրի վրա՝ միաժամանակ ահազանգ հնչեցնելով տևականորեն ընտանեկան բռնության ենթարկվելու փաստի վերաբերյալ։
Կանանց աջակցման կենտրոնը, տարիներ շարունակ աշխատելով ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների հետ, իր աշխատանքային պրակտիկայում բախվել է բազմաթիվ դեպքերի, երբ իրավապահ մարմիններում աշխատող ամուսինները բռնություն են գործադրել կնոջ և երեխաների նկատմամբ։ Բռնությունից տուժած կանայք՝ դիմելով մեզ բարձրաձայնել են իրենց վախերի մասին, միաժամանակ ընդգծելով, որ իրավապահ համակարգում աշխատող ամուսիններն իրենց զգում են վստահ և անպատժելի, քանի որ կնոջ բողոքը հիմնականում ընթացք չի ստանում։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ կանայք նշում են, որ իրենց ամուսիններն ունեն հրազեն և այդ զենքով սպառնում են իրենց։
Ուստի, պատկան մարմիններին կոչ ենք անում․
° Ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի կողմից բարձրացրած խնդիրները։
° Կիրառել պաշտպանական միջոց՝ կնոջ և երեխաների անվտանգության ապահովման համար։
Ավելացնենք նաև, որ Լիանա Մարգարյանը երբևէ չի դիմել Կանանց աջակցման կենտրոն և չի եղել մեր շահառուն, սակայն պատրաստ ենք աջակցություն տրամադրել թե՛ նրան, թե՛ նմանատիպ իրավիճակում հայտնված բոլոր կանանց»։