Անշարժ գույքի շուկայում գործարքնե՞րն են նվազել, թե նվիրատվություններն են շատացել
Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրավիճակը կայուն է։ Թեև նախորդ տարվա ակտիվությունը չկա, սակայն, ինչպես մասնագետներն են փաստում, առուվաճառքի գործարքները չեն նվազել։
«Գործարքների թիվը գրեթե նույն է, ինչ ամիսներ առաջ, գներն էլ պահպանվում են, նվազման միտում չի նկատվում»,- Panorama.am-ի թղթակցի հետո զրույցում ասում է «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը։
Նա միաժամանակ նշում է, որ անցած տարի շուկայում գերտաքացած վիճակ էր։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա՝ պայմանավորված Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների ներհոսքով։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023 թվականի ապրիլին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գրանցվել է առուվաճառքի 3 889 գործարք, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 598-ով։
Ըստ Վահե Դանիելյանի՝ Վիճվարչության տվյալները երբեմն չեն արտացոլում ինչպես գործարքների, այնպես էլ անշարժ գույքի գների իրական պատկերը։
«Այս դեպքում ևս կարող ենք ասել, որ այդ տվյալները լիարժեք չեն, քանի որ վերջին շրջանում Հայաստանում աճել են նվիրատվությունները: Շատերը խուսափում են առուվաճառքի ձևակերպումից, իսկ պատճառը 300 հազար դրամից ավելի գործարքներն անկանխիկ իրականացնելու օրենքի պահանջն է»,- նկատում է անշարժ գույքի գործակալության տնօրենը։
Վիճակագրական կոմիտեի ներկայացրած անշարժ գույքի գներում ևս տարբերություն կա։ Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի առաջին գոտում բնակարանի շուկայական միջին արժեքը 1 միլիոն դրամ է (մոտ 2,6 հազար դոլար)՝ մեկ քառակուսի մետրի դիմաց։ Մինչդեռ, ըստ Վահե Դանիելյանի, փոքր կենտրոնում կան նորակառույց շենքեր, որտեղ 1 քմ-ը 6000 դոլար է, Արամի, Եկմալյան փողոցների նորակառույցներում՝ 5-6 հազար դոլար, իսկ Աբովյան փողոցի ստալինյան շենքերում 1 քմ-ը գնահատվում է 4-5 հազար դոլար։
Նրա խոսքով՝ անշարժ գույք գնորդների թվում քիչ չեն ՌԴ քաղաքացիները, որոնք նախորդ տարվանից սկսած՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմով, ինչպես նաև դոլարի փոխարժեքի անկայունության պատճառով, սկսել են ավելի շատ գույք ձեռք բերել Հայաստանում։ Այդ քաղաքացիների գերակշիռ մասը ռուսաստանաբնակ հայերն են։
«Մարդիկ փորձում են իրենց խնայողություններով ներդրումներ անել, իսկ լավագույն ներդրումը անշարժ գույքի ձեռքբերումն է։ Տեղացիները նույնպես իրենց խնայողություններով գույք են գնում։ Իսկ թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն, դժվար է ասել»,- ընդգծում է Վահե Դանիելյանը։
Նշենք, որ Վիճկոմիտեի տվյալներով, 2023 թ-ի ապրիլին Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից 89 անշարժ գույք է գնվել, սակայն վաճառվել է 201 անշարժ գույք՝ հիմնականում բնակարաններ։
Վահե Դանիելյանի խոսքով՝ այս պահին անշարժ գույքի շուկայում գների նվազում պետք չէ ակնկալել, և որևէ մեկն, ըստ նրա, չի կարող ասել, թե ինչ կարող է հետագայում տեղի ոււնենալ։
«Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց գները նվազեն, կամ էլ հակառակը՝ բարձրանան։ Այսինքն՝ կանխատեսումներ չենք կարող անել։ Շուկան շատ զգայուն է, ցանկացած տեսակի քաղաքական փոփոխություն մեծ ազդեցություն է ունենում գների վրա։ Եթե երկրում կայուն վիճակ է, պատերազմական վտանգ չկա, անշարժ գույքի գները բարձրանում են, իսկ եթե անկայուն վիճակ է, ներդրումներ չեն իրականացվում»,- ասում է նա։
Ի տարբերություն անշարժ գույքի գների, վարձակալության գները նվազել են, սակայն չեն վերադարձել նախկին մակարդակին։
Գործակալության տնօրենն ասում է, որ 2022 թվականի փետրվար-մարտին վարձակալության գները բարձրացան՝ կրկնապատկվեցին․ դա պահպանվեց մինչև սեպտեմբեր։ Իսկ երբ ՌԴ-ում զորակոչ հայտարարվեց և մեծ թվով ռուսներ եկան Հայաստան, բնակարանների գները սեպետմբերի վերջին նորից բարձրացան, իսկ հետո սկսեցին նվազել։ Սակայն, ըստ նրա, առաջին փուլում բարձրացած գների մակարդակը դեռ պահպանվում է։
Վահե Դանիելյանի խոսքով՝ Վիճակագրական կոմիտեի տվյալները վարձակալության շուկայի վերաբերյալ ևս իրականությունը չեն արտացոլում, քանի որ ոչ բոլոր դեպքերում են վարձակալն ու գույքի սեփականատերը պայմանագիր կնքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան