ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ սենատոր Ալեքս Փադիլլան և Ֆլորիդայից նրա հանրապետական գործընկեր Մարկո Ռուբիոն ԱՄՆ Սենատ են ներկայացրել երկկուսակցական բանաձև, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ` Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Թվիթերյան գրառմամբ Փադիլլան նշել է. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ավելի քան 100 հազար հայերի զրկել է առաջին անհրաժեշտության ապրանքներից։ Անմարդկային է և անընդունելի: Ահա թե ինչու ես հենց նոր ներկայացրեցի երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է այս շրջափակումը և կոչ անում Միացյալ Նահանգներին անհապաղ քայլեր ձեռնարկել»:
Սենատոր Մարկո Ռուբիոն ևս թվիթերյան գրառմամբ անդրադարձել է բանաձևին. «Հպարտ եմ միանալ սենատոր Ալեքս Փադելլային՝ երկկուսակցական բանաձև ներկայացնելու հարցում, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ ԱՄՆ-ը պետք է օգնի վերջ դնել այս հումանիտար ճգնաժամին»:
Օրենսդրական նախաձեռնությունը, մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Լաչինի շրջափակման և հայերի իրավունքների խախտումների մեջ պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև հորդորում է Բայդենի վարչակազմին դադարեցնել ամեն տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ամբողջապես կիրառելով 907-րդ բանաձևով նախատեսված դրույթները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան