Նշվել է Վահանավանքի ուխտի օրը
Այսօր՝ հունիսի 10-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից։ 301թ․Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։
Կապանում այս տոնն առանձնահատուկ է նշվում, քանի որ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վրդ. Հակոբյանի օրհնությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրաբ» տոնի օրը հռչակվել է նաև Վահանավանքի ուխտի օր։
Կապանի համայնքապետարանից հայտնում են, այդ առիթով վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի ձեռամբ և թեմի հոգևոր հայրերի մասնակցությամբ: Պատարագից հետո եկեղեցու բակում կազմակերպվել է մատաղի հյուրասիրություն, թեյախմություն և տոնական միջոցառում՝ մշակույթի կենտրոնի պարային խմբերի և մենակատարների մասնակցությամբ։
Եկեղեցին լեցուն էր բազմաթիվ հավատացյալներով և Հայաստանի տարբեր համայնքներից իրենց հոգևոր հովիվներով ժամանած ուխտավորներով:
Ս․ Պատարագին մասնակցում էին նաև Կապան համայնքի ղեկավարի տեղակալներ Գոռ Թադևոսյանը, Մեսրոպ Արզումանյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և վանքի այս տարվա խաչքավոր Սմբատ Մարտիրոսյանը։