Քրիստինա Վարդանյան․ Երևանի խնդիրը թթենին չէ․․․
Բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը, որը պարբերաբար բարձրաձայնում է Երևան քաղաքի ծառահատումներին , ծառերի փոխարինման ծրագրին առնչվող խնդիրների մասին, Panorama.am-ի հետ զրույցում անդրադարձավ Երևանի թթենիների հատման հարցին։
Վարդանյանին մտահոգում է քաղաքային իշխանությունների՝ թթենիները հատելու մտադրությունը, ինչն անթույլատրելի է համարում։
«Երևան քաղաքի համար թթենին սովորական ծառատեսակ չէ և մեր կլիմայական գոտու, առհասարակ՝ տարածաշրջանի համար, կարևոր նշանակություն ունի՝ առանձնանում է սանիտարահիգենիկ կոնկրետ դրական ցուցանիշներով։ Թթենին անրհաժեշտություն է, քանի որ ազգաբնակչության առողջության տեսանկյունից՝ Երևանում ունենք վտանգավոր միջավայրային ցուցանիշներ»,- ասաց մասնագետը։
Վարդանյանը նշում է, որ վերջին 30 տարվա ընթացքում Երևանի փողոցային կանաչապատման աշխատանքներում չի օգտագործվել թթենին որպես ծառատեսակ։
«Հատվում են արդեն ձևավորված ծառերը։ Նման որոշում կայացնելու համար պետք է լինի լուրջ հիմք։ Ասել, որ երևանցիները սայթաքում են ու վնասվածք են ստացնում թթենիների պատճառով, պետք է հիմնավորել՝ ներկայացնեով վիճակագրական տվյալներ,թե քանի մարդ է սայթաքել։ Իսկ երբ երևանցին սառույցի վրա սայթաքում է, քանի՞ պաշտոնյա է դրա համար պատժվել։ Ես հիմա հարցում եմ արել, հասկանալու,թե քանի դեպք է եղել թթենու պատճառով։ Բացի դրանից, մենք պետք է հասկանանք, որ քաղաքում միայնակ չենք ապրում և թթենին իրենից ներկայացնում է սննդային բազա՝ թռչունների համար։ Թթենու պտուղները թափվում են 10 օր, կարելի է դիմանալ և ավելի ուշադիր լինել այդ տարածքների մաքրման աշխատանքներին։
Օրինակ՝ Երևանի մայթեզրերից 100 թթենի է հանվում,որոնց փոխարեն տնկվում են նոր տեսակներ, առնվազն տասը տարի է պահանջվելու սաղարթախիտ դառնալու համար։ Այդքան ժամանակ միջավայրի ցուցանիշները մնալու են բաց, մինչդեռ յուրաքնչյուր ծառ տասնյակ հազարավոր դոլարների էկոծառայություն է մատուցում քաղաքին՝ կլանելով աղտոտիչնեչն ու բարելավելով միկրոկլիմայական ցուցանիշները»։
Խոսելով թթենու ծառի կարևորությունից, Վարդանյանն ասաց, որ այն չոր կլիմայական պայմաններին բնորոշ տեսակ է,քանի որ փաստացի ոռոգման կարիք չունի, չի հիվանդանում որևէ հիվանդությամբ։
Ըստ մասնագետի՝ փոշու, ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանելու առումով, թթենին զիջում է միայն չինարի տեսակին։
«Մոլորակում կլիմայի փոփոխության գործընթացներ են տեղի ունենում, ջրերի սակավություն է։ Այն ծառատեսակները, որոնց արմատային համակարգերը ապահովում են սաղարթի նորմալ գործողությունը, ձեռք տալու իրավունք չունենք։ Առհասարակ թթենիներին ձեռք տալ պետք չէ։ Այսօրվա Երևանի խնդիրը թթենին չէ, այլ պահպանել եղած կանաչ տարածքներն ու ավելացնել դրանք մի քանի անգամ»,-ասաց նա։
Երևանն առանց թթենիների դժվար է պատկերացնել, քաղաքին բնորոշ ծառատեսակ է։ Ժամանակին շատ են եղել Նորքի անտառներում, քաղաքի կենտրոնական և ծայրամասային հատվածներում, Երևանյան լճի հատվածում։
Հարակից հրապարակումներ`
- Բերդի Սորաններ կոչվող դենդրոպարկում հատվել է 35 սոճի
- Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
- Ահազանգ Ստեփանավանից՝ համատարած հատվել են առողջ բարդիները
- Հայտնաբերվել է 2.2 մլն դրամի հատված ընկուզենի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան