AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել
Հունիսի 9-ին մայրաքաղաքի սրտում կայացավ ֆինանսական ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ AMX ամենամյա մրցանակաբաշխությունը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան կազմակերպել են մրցանակաբաշխություն՝ պարգևատրելով արժեթղթերի շուկայի առավել ակտիվ և նշանակալի մասնակիցներին։ Ամփոփելով նախորդ՝ 2022 թվականի շուկայական տվյալները, առանձնացվել են 17 տարբեր անվանակարգերի հաղթողներ, ովքեր նախորդ տարվա ընթացքում ծավալել են առավելապես ակտիվ գործունեություն շուկայում՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 2 անվանակարգերում էլ տրվել են խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:
Մինչ մրցանակների պաշտոնական հանձմանը անցնելը, Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հյուրերին ներկայացրել է ընկերության 2022 թվականի գրանցած հաջողությունները, նոր նախագծերը, համեմատական անցկացրեց 2021-2022 թվականների պետական և կորպորատիվ պարտատոմսերի աճուրդների ցուցանիշների միջև: Անդրադարձ է կատարվել նաև AMXTrader առևտրային համակարգին, որը գործարկվել էր 2023-ի մարտ ամսին:
«Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ սա նախադեպը չունեցող ծրագիր է, չկա բորսա, որը հնարավորություն է տալիս վերջնական իրական ներդրողին ուղիղ կերպով հասանելիություն ունենալ դեպի իր բորսայական հարթակներ: Արդեն իսկ կան մի քանի երկրների բորսաներ, ովքեր ցանկանում են մեզնից այս ծրագրային լուծումը ձեռք բերել: AMXTrader & CDAOnline ծրագրերը արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել այնպիսի բորսաների և դեպոզիտարիաների մոտ, ինչպիսիք են SIX, Euroclear և Clearstream: Ի դեպ, Վարշավայի բորսայի 5 ամյա ստրատեգիայում մեր ծրագրերի արտահանումը առաջնահերթ տեղ է զբաղեցնում», - իր խոսքում նշել է Հայկ Եգանյանը:
Շուկայի մասնակիցներին մոտիվացնելու համար հայտարարվել է, որ մյուս տարի կլինի հատուկ մրցանակային անվանակարգ նրանց համար, ովքեր կներգրավվեն ամենաշատ հաճախորդներ՝ AMXTrader առևտրային համակարգում գործարքներ իրականացնելու նպատակով:
Անդրադառնալով մրցանակներին Հայկ Եգանյանը նշել է . «Ինչպես գիտեք, ամեն տարի մենք ունենում ենք մրցանակների նոր կատեգորիաներ: Օրինակ, նախորդ տարի Ակբա Բանկը ստացավ լավագույն նորարար անդամ դեպոզիտար ծառայությունները ավտոմատացված կարգով հաճախորդներին առաջարկելու համար: Այս տարի մենք ևս ավելացրել ենք նոր խրախուսական մրցանակներ, ինչպիսին օրինակ, մեր նոր նախագծերի ներդրման գործում առավելագույն ներդրում ունեցող գործընկերներ, և հույս ունենք, որ նման մեխանիզմը հետագա համագործակցության համար լավ մոտիվացիա կծառայի»:
AMX AWARDS 2023-ի Հայաստանի ֆոնդային բորսայի մրցանակակիրներից են
1. Լավագույն հաշվետու թողարկող կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ
2. Լավագույն գործընկեր՝ առևտրի մասնակից
Անի Նազարյան, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ։