ՀՌՀ-ն հայտարարում է բնագիտական ուղղություններով 10-րդ դասարանների գծով ընդունելություն
Հայ-Ռուսական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն՝ «Ուսմունք» դպրոցի հենքի վրա գործող ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով ավագ դպրոցի 10-րդ դասարանների գծով:
ՀՌՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, վերոնշյալ ուղղությունների դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ: Անվճար տեղերի քանակը՝ 15-ական նշված ուղղություններով: Բացի այդ՝ մրցութային հիմունքներով իրականացվող ընդունելության արդյուքներով՝ հատկացված անվճար տեղերի լրացման դեպքում, կիրականացվի նաև ընդունելություն վճարովի ուսուցման համակարգ՝ տարեկան 750 հազար ՀՀ դրամ վարձավճարով: Վճարովի հիմունքներով ուսուցմամբ դասարանների ձևավորման համար աշակերտների թվաքանակի նվազագույն շեմը սահմանվում է 10:
Հատուկ դասարաններ ընդունվելու համար հավակնորդները պետք է մասնակցեն հարցազրույցի․ ֆիզիկատեխնիկական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից, իսկ քիմիակենսաբանական դասարան ընդունվելու համար՝ «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից՝ համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում: Հավասար միավորների դեպքում առաջնահերթությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից («Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա») առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին:
Աշակերտները օգտվում են Հայ-Ռուսական համալսարանի նյութատեխնիկական բազայից (սպորտային համալիր, համակարգչային լսարաններ, գրադարան, ուսումնական լաբորատորիաներ և այլն): Դպրոցի շրջանավարտները կստանան արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական և Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտներ ընդունվելու դեպքում:
Դիմելու ժամկետներն են՝ 2023թ. հունիսի 12-ից հուլիսի 23-ը: Հարցազրույցները տեղի կունենան հուլիսի 24-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով դիմում` լրացված ըստ ձևաչափի և ստորագրված, 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն, ծննդյան վկայականի պատճեն, ծնողների անձնագրերի պատճեններ, գունավոր լուսանկար 3X4 (1 օրինակ), սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն, բժշկական տեղեկանքի պատճեն (Ձև 26):
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ընդունող հանձնաժողով. ֆիզիկատեխնիկական ուղղությամբ՝ 091 547710, քիմիակենսաբանական ուղղությամբ՝ 094 792301:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին