Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch” ) կայքի հրապարակած տիեզերական լուսանկարից, Ադրբեջանը բունկերներ է փորել ԱՀ Մարտակերտի շրջանի Հայկաջուր (նախկին ադրբեջանական Սոֆուլլու) գյուղում գտնվող Գյավուրկալա (բառացի՝ անհավատների բերդ) հայկական վաղքրիստոնեական բնակատեղիի դամբարանադաշտի տարածքում:
Գյավուրկալան Տիգրանակերտից հետո Արցախյան տափաստանի ամենաընդարձակ վաղքրիստոնեական հայկական բնակատեղին է (մանրամասն տեˊս՝ https://www.tigranakert.am/environment/?id=2): Այն զբաղեցնում է մոտ երկու հեկտար տարածություն, ունի շուրջանակի հողապարիսպ, 5-6-րդ դարերի միասրահ եկեղեցի՝ կառուցված սրբատաշ քարերով և հարդարված խաչային հորինվածքներով: Դեռևս կանգուն էր վաղքրիստոնեական կոթողի սյունը: Ինչպես երևում է տիեզերական լուսանկարից և քաղաքի հանույթից, վաղքրիստոնեական դամբարանադաշտը գտնվում է եկեղեցուց արևելք։ Քաղաքի դամբարանադաշտում, հենց այնտեղ, որտեղ այսօր բունկերներ են փորվել, անցած դարի 50-ական թվականներին գտնվել է Արցախյան տափաստանի ամենավաղ հայերեն արձանագրություններից մեկը:
Բացառված չէ, որ հայերեն արձանագրություններով այլ սարկոֆագներ նույնպես գտնվեն այդ տարածքում:
Մեր արձագանքը
Փաստորեն Ադրբեջանը համառորեն շարունակում է հայկական հետքերի ոչնչացումը գրավյալ տարածքներում: Մեծ վտանգ կա, որ նման բունկերներ կտեղադրվեն և բուն բնակատեղիի տարածքում:
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4.1-րդ հոդվածի․ «․․․ պետությունները պարտավորվում են հարգել իրենց, ինչպես նաև մյուս կողմերի տարածքներում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների, դրանց անմիջական շրջակայքի և պաշտպանական կառույցների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն, և ձեռնպահ մնալով այդ արժեքների դեմ ուղղված թշնամական որևէ գործողությունից»: Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի «Արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»: Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
- Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է. monumentwatch.org
- Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը. monumentwatch.org
- Աղավնո գյուղը Ադրբեջանի վանդալիզմի զոհ. monumentwatch.org
- Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշվին. monumentwatch.org
- «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ հայտնվելով ոչնչացման սպառնիքի առաջ. monumentwatch.org
- Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից թիրախավորվել էր Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին. monumentwatch.org
- Այս անգամ էլ Ազոխի քարայրը՝ ադրբեջանցիների թիրախում. monumentwatch.org
- Ադրբեջանի քարոզիչներն ու «փորձագետները» տարրական գիտելիքի պակասը լրացնում են ինքնահնար հայտարարություններով. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան