Օշականի ընթերցողները կշարունակեն օգտվել գյուղում գործող միակ գրադարանից
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը Օշական գյուղում գտնվող միակ գրադարանը Աշտարակ քաղաք չտեղափոխելու հարցում։ Ըստ դիմումատուի՝ գրադարանը տեղափոխելու դեպքում կխախտվեն այնտեղ գրանցաված շուրջ 650 ընթերցողների իրավունքները, քանի որ գրադարանից օգտվելը նրանց համար չի լինի հասանելի և կառաջացնի լրացուցիչ անհարմարություններ։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ բարձրացված հարցի առնչությամբ գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին։
Պատասխան գրություններով պարզաբանվել է, որ Պաշտպանի կողմից բարձրացված հարցը քննարկվել է Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի հետ, ինչպես նաև Աշտարակ համայնքի ավագանու նիստում։
Արդյունքում որոշում է կայացվել գրադարանը չտեղափոխել։ Ավելին, համայնքի մի շարք բնակավայրերում՝ այդ թվում` Օշականում, կնշանակվեն գրադարանավարներ, որոնք կապահովեն գրադարանների բնականոն աշխատանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին