Ի՞նչ կլինի, եթե ներարգանդային պարույրը կնոջ օրգանիզմում մնա 10-20 տարի. Բացատրում է վիրաբույժ-գինեկոլոգը
Օրեր առաջ կանանց ֆեյսբուքյան խմբերից մեկում ակտիվորեն քննարկում էին ՆԱՊ-ի՝ ներարգանդային պարույրը սահմանված ժամկետում չհեռացնելու հետևանքները։ Մեկնաբանություններն ընթերցելիս պարզ դարձավ, որ պարույրը հայ կանայք իրենց օրգանիզմում թողնում են երկու, երեք անգամ երկար, քան նախատեսված է։ Դեպք է եղել, որ հինգ տարի ժամկետով դրված պարույրը հանել են 20 տարի անց։
ՆԱՊ-ի տեղադրման, նյութերի, սահմանված ժամկետում չհեռացնելու հետևանքների մասին Panorama. am-ը զրուցել է վիրաբույժ-գինեկոլոգ Գայանե Մկոյանի հետ։
Panorama. am -Բժշկուհի, ո՞ր դեպքերում է տեղադրվում ներարգանդային պարույր։ Ի՞նչ ցուցումներ կան։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Շատ կարևոր է, որ ներարգանդային պարույրի տեղադրումը ճիշտ լինի, քանի որ պրակտիկայում շատ հաճախ հանդիպում ենք այնպիսի դեպքերի, որ դրվում է խնդիր ունեցող արգանդի պարանոցի վրա, կամ՝ ոչ մաքուր հեշտոցում։
Պետք է տեղադրվի այն կանանց մոտ, ովքեր ունեն մշտական զուգընկեր, քանի որ հակառակ դեպքում ինֆեկցիաների՝ դեպի վեր՝ հեշտոցից մինչև արգանդ բարձրանալու ռիսկ է առաջանում։
Panorama. am -Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի կինը՝ մինչ ՆԱՊ-ի տեղադրումը։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Մինչ ներարգանդային պարույրի տեղադրումը, անհրաժեշտ է անցնել մի շարք հետազոտություններ՝ արգանդի պարանոցի պապ քսուկ, ինֆեկցիաներ, ֆեմոֆլոր անալիզ, որը ցույց է տալիս, որ տվյալ հիվանդն ինֆեկցիաներ չունի, քսուկը մաքուր է։ Կարևոր է սոնոգրաֆիան ՝ գնահատելու համար արգանդի խոռոչը, պարզելու համար արդյոք կա՞ն պոլիպ կամ հիպերպլազիա, այլ խնդիրներ, թե ոչ։ Այս ամենից հետո միայն հիվանդի հետ կարելի է քննարկել պարույր տեղադրելու հարցը։
Panorama. am -Ի՞նչ տարբերություններ կան սովորական և ոսկեջրած կամ արծաթաջրած պարույրների միջև։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Պարույրների հետ կապված շատ հաճախ ինձ հարցնում են՝ ո՞րն ընտրել։ Ասեմ, որ դրանք ընդհանուր առմամբ իրենց ֆունկցիայի ու աշխատանքի միջև էական տարբերություններ չունեն։ Սա ավելի շատ մարկետինգային քայլ է։ Խոսքս, գուցե, ֆիրմաներին դուր չգա։ Կան կանայք, որոնք մեդից (սովորական ներարգանդային պարույրը մեդ է պարունակում), ալերգիա ունեն, նրանց հակացուցված է սովորական պարույր դնելը, այդ դեպքում, մենք առաջարկում ենք ոսկեզօծ կամ արծաթազօծ։ Տարբերությունը հիմնականում դա է։
Panorama.am -Ի՞նչ է նշանակում հորմոն պարունակող պարույր, ո՞ր դեպքերում է այն ցուցված։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Կա նաև պարույի տեսակ, որը դնում ենք բուժիչ նպատակով, դա Միրենան է՝ հորմոն պարունակող պարույրը։ Եվրոպայում կա տարբերակի բուժիչ և ուղղակի հակաբեղմնավորիչ տեսակը, որտեղ հորմոնի պարունակությունը տարբեր է, բայց մենք 90 %-ի դեպքում տեղադրում ենք միայն բուժիչ նպատակով, քանի որ այն թանկ հաճույք է։
Միրենայի տեղադրումը ցուցված է էնդոմետրիումի հիպերպլազիաների ժամանակ, պոլիպները հեռացնելուց հետո միոմաների կանխարգելման նպատակով։ Այն միոմաները, որոնք վիրահատության ենթակա չեն, բուժում ենք Միրենա տեսակի պարույրի միջոցով։ Այս խնդիրները հորմոնկախյալ հիվանդություններ են, և միոման ճնշում է այն հորմոնը, որից որ սնվում է խնդիրը. դրանց բոլորի ժամանակ Միրենան իդեալական է՝ և՛ որպես հակաբեղմնավորիչ, և՛ որպես բուժիչ մեթոդ։
Panorama.am -Որքա՞ն է պարույրեների՝ օրգանիզմնում մնալու համար սահմանված ժամկետը։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Սովորական պարույրները կինը կարող է պահել մինչև 5 տարի, իսկ Միրենան՝ մինչև 6, քանի որ իր մեջ եղած հորմոնն աշխատում է մինչև 6 տարի։ Այդ ընթացքում ցանկացած պահի, ցանկացած պարույր կարելի է հեռացնել, եթե կա բժշկական ցուցում ՝ արյունահոսություն, ցավեր, երեխայի պլանավորում և այլն։
Panorama.am -Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե տարիներ շարունակ պարույրը մնա արգանդում։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Ժողովրդի լեզվով ասած, պարույրը կարող է «մսակալել», ինչը նշանակում է, որ այն կարող է ներաճել արգանդի պատերի մեջ, իսկ դա կարողէ առաջացնել արյունահոսությունների և չարորակ փոփոխությունների ռիսկ։ Բացի այդ, պարույրը կարող է նաև տեղաշարժվել, գնալ դեպի որովայն, ինչն արդեն վիրահատության պատճառ է դառնում։ Իսկ Միրենայի պարագայում 6 տարի հետո արդեն չկա հորմոն պարունկող պաճուճը, և իմաստ չունի այն թողնել։
Նշեմ, որ ոչ զարգացած երկրներում մենք ունենք գործընկերներ, որոնք պարույրը տեղադրել են մշտական , քանի որ մարդիկ բժշկին հետո այցելելու, ստուգվելու հնարավորություն չեն ունեցել։
Մենք ապրում ենք զարգացած երկրում, պետք չէ թողնել պարույրը տասը և ավելի տարիներ։ Պետք է դիմել բժշկի, հետազոտվել, տարին մեկ անգամ անցնել հետազոտությունները՝ սոնոգրաֆիա, ցիտալոգիա, արգանդի վզիկ, եթե ամեն ինչ նորմալ է, 5 տարի հետո հեռացնել պարույրը։
Ամեն ինչից զատ, այն կարող է նաև բորբոքումների պատճառ դառնալ, քանի որ օտար մարմին է արգանդում, հանելուց հետո էլ կարող է առաջացնել կպումներ։ Եթե կինը ռեպրոդուկտիվ շրջանում է և դեռ պիտի ծննդաբերի, առավել քան ուշադիր պետք է լինի այդ ժամկետներին։
Panorama.am -Որքանո՞վ է ՆԱՊ-ն արդյունավետ՝ որպես հակաբեղմնավորիչ մեթոդ։
Վիրաբույժ-գինեկոլոգ -Եթե ՆԱՊ-ի տեղակայումը ճիշտ է և չի շարժվել իր տեղից, 90 % էֆեկտիվ է, իսկ Միրենայի պարագայում՝ 100 %, քանի որ այս դեպքում ազդեցությունը կրկնակի է՝ և՛ հորմոնային, և՛ մեխանիկորեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան