Արցախի Ծովատեղ համայնքում մշակաբույսերի ցանքսի ցուցանիշներն աճել են
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում գյուղատնտեսական տարին ակտիվ ընթացքի մեջ է։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ծովատեղ համայնքի ղեկավար Սամվել Աբրահամյանը։
«Գարնանացան մշակաբույսերի ցանքսի ցուցանիշները, նախորդ տարվա համեմատ, շոշափելիորեն աճել են։ Ցանել ենք ցորեն, կորնգան, այս տարի՝ նաև սիսեռ։ Բնակիչները տնամերձ հողամասերում կարտոֆիլ, լոլիկ, լոբի, այլ տարբեր մշակաբույսեր են աճեցնում»,-մանրամասնել է նա։
Համայնքապետը նշել է, որ գյուղացիների շրջանում ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու ցանկություն ու պատրաստակամություն կա։
Գյուղում զարգացած է նաև անասնապահությունը։ Գերակշռում են մանր եղջրավորները։
Նա նաև ընդգծել է, որ մարդիկ մտահոգված են Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններով։ Բայց և գիտակցում են՝ հայրենիքն ապրեցնելու միակ տարբերակը օջախը շեն պահելն է։
«Կյանքը գյուղում կանգ չի առել, այն շարունակվում է իր բնականոն հունով։ Բնակիչները հիմնականում ապահովված են աշխատանքով՝ համայնքապետարանում, բուժկետում, դպրոցում»,-ասել է համայնքապետն ու կարևորել՝ գյուղի աշխուժությանը երիտասարդներն են ապահովում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան