Ռուզաննա Խաչատրյան. Բոլոր հնարավորություններն ունեցել եմ իմ զավակների հետ լքելու Հայաստանը և Սեյրան Օհանյանին թողնել՝ իր դարդերով տապակվի
«Ես չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանը երբևիցե կխանգարի մեզ, ինքը չի կարող, իր մարդկային տեսակն այդպիսին չէ»,-հայտարարել է պաշըպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ս. Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում տեղի է ունեցել «Կանայք հանուն համազգային միասնության» նախաձեռնության կազմակերպած հավաքը, որի ժամանակ Ռուզաննա Խաչատրյանը պատասխանել է լրագրողների և դահլիճում ներկա գտնվող քաղաքացիների հարցերին։
Այն հարցին, թե ամուսինը ողջունո՞ւմ է իր նախաձեռնությունը և կաջակցի՞ իրեն, Ռուզաննա Խաչատրյանը պատասխանեց.
«Իմ աշխարհայացքը, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը մինչև Սեյրան Օհանյանի հետ հանդիպումն է կայացել, և Սեյրան Օհանյանը՝ իմ կողքին կանգնելով, լրացրել է այն ամենը, որը ես կրում եմ:
Ես չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանը երբևիցե կխանգարի մեզ, ինքը չի կարող, իր մարդկային տեսակն այդպիսին չէ: Եթե դա հանուն հայրենիքի է, ինքը շատ լավ հասկանում է՝ ես ի՞նչ վտանգի մեջ եմ հայտնվում, բայց դա իմ ընտրությունն է»։
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի գործունեությանը, տիկին Ռուզաննան ասաց, որ ժամանակին ընդդիմադիր բոլոր նախաձեռնությունները և շարժումները փորձել են ճնշել իրենց, և այդ ամենը իր ընտանիքն անընդհատ զգացել է իր մաշկի վրա:
«Իշխանության անբարոյականությունն իմ ընտանիքի, իմ հանդեպ, ես զգացել եմ»,- ասաց Ռուզաննա Խաչատրյանը՝ նշելով մի դեպքի մասին, երբ ամուսինը՝ Սեյրան Օհանյանը, մարտի դաշտում էր, և մի քանի անգամ փորձ է արվել իր անձնական գույքը՝ բնակարանը, կալանքի տակ վերցնել՝ իբրև անօրինական գույք:
«Ես համազգային միասնության կոչ եմ անում: Պայքարի կոչ է դա: Հավատացեք ինձ՝ գոյաբանական վտանգի առաջ է կանգնած մեր պետությունը: Ես, բոլոր հնարավորություններն ունեցել եմ իմ զավակների հետ լքելու ՀՀ-ն և Սեյրան Օհանյանին թողնեմ՝ իր դարդերով տապակվի։ Ես գիտեմ, որ ես իմ վրա եմ վերցնում շատ հարվածներ. խնդիր չկա»,- հայտարարեց Ռուզաննա Խաչատրյանը: