Ի՞նչ են կարդում Ստեփանակերտում
Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանից ստացվել է 2023թ. մայիսին ընթերցված գեղարվեստական գրքերի թոփ տասնյակը:
Հայաստանի ազգային գրադարանում հույս ունեն, որ հունիսին արցախյան ավելի շատ գրադարաններ կընդգրկվեն ցանկում՝ հնարավորություն տալով քարտեզում նշելու Արցախում տվյալ ամսվա ամենապահանջված գիրքը:
Ստեփանակերտի տասնյակը շատ զուգահեռներ ունի հայաստանյան գրադարանների տասնյակների հետ: Նույն հեղինակներն են, նույն գրքերը, նույն ցավերն ու երազները:
Ստեփանակերտում մայիսին ամենաշատն ընթերցել են Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքը, որում հեղինակը հանրահայտ ու հաջողակ մարդկանց օրինակով ցույց է տալիս, թե ինչպես հասնել ձգտումներին ու նպատակներին՝ չկրկնելով այլոց սխալներն ու բացթողումները:
Ամենաընթերցված գրքերից է նաև Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» գողտրիկ վեպը, որն, ի դեպ, վերջերս հանրապետությունով մեկ ընթերցվեց երևանյան ամենամյա ընթերցանության մարաթոնի ժամանակ:
Մեծ պահանջարկ վայելող գրքերի եռյակը եզրափակում է ամերիկահայ գրող, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Աստվածատուրյան Թերքոթի առաջին՝ «Արտաքսում դեպի անհայտություն» վեպը: «Արտաքսում դեպի անհայտություն»-ն առաջին անգլերեն գիրքն է, որն առաջին դեմքով՝ ականատեսի աչքով պատմում է քսաներորդ դարավերջին Ադրբեջանում հակահայկականության, Բաքվի ջարդերի մասին։ Լույս տեսնելուց տասը տարի անց՝ 2022-ին, գիրքը թարգմանվել է հայերեն:
Ստեփանակերտյան ամենաշատ ընթերցված գրքերի տասնյակում են նաև հայ հեղինակներ Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո», Արմեն Նիազյանի «Խավարից այն կողմ» վիպակները և Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ Ձոն Վարդին» ժողովածուն:
Համաշխարհային գրականության նմուշներից ցանկում ընդգրկված են Մարիո Պյուզոյի «Կնքահայրը», Էրիխ Մարիա Ռեմարկի «Վերադարձ», Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» և Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» հանրահայտ վեպերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին