ՀՀ սահմանը հատելուց ցանկացած ավտոմեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին. Արման Եղոյանը՝ Մեղրիով անցնող ճանապարհի մասին
«Դուք գիտեք, որ հայ-իրանական սահմանի երկայնքով կան ռուսական սահմանապահ զորքերի ուղեկալներ, նաև՝ Մեղրիի մաքսակեում էլ: Այստեղ երկու հարց պետք է իրարից տարանջատենք՝ ՀՀ իրավազորության տակ գտնվող ճանապարհ, թե ՀՀ իրավազորությունից դուրս ճանապարհ»,-ԱԺ-ի ճեպազրույցների սրահում հայտարարեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելու դեպքում ճանապարհներն արդյո՞ք ՌԴ զինված ուժերն են հսկելու:
Եղոյանը նշեց, որ Հայաստանը հայտարարել է, որ իր իրավազորությունից դուրս ճանապարհներ ՀՀ-ում չեն լինելու:
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ եռակողմ հայտարարության մեջ նշված ճանապարհի հսկողությունն այլ է, քանի որ Մեղրիի անցակետում, Զվարթնոց օդանավակայանում հսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները:
«Բայց ՌԴ սահմանապահ զորքերը գործում են ՀՀ-ի իրավազորության ներքո, այնտեղ կարող է լինել հայ սահմանապահ: Այստեղ մեխն այն է, որ այն պետք է լինի ՀՀ-ի իրավազորության ներքո: ՀՀ-ի սահմանը հատելուց ցանկացած օտարերկրյա ավտոմեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին»,-ասաց Եղոյանը:
Մեկնաբանելով հարցը, թե ի՞նչ է նշանակում հայտարարության մեջ գրված Մեղրիով անցնող ճանապարհը հսկելու են ՌԴ սահմանապահ զորքերը՝ Եղոյանն ասաց, որ այն կարող է վերաբերել ճանապարհի, բեռների անվտանգությանը:
«Ամեն դեպքերում Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկա փոխվստահության այն մակարդակը, որը կա այլ պետությունների հետ: Բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը անվտանգության միջոցառումների նկատմամբ վերահսկողությունը պետք չէ անպայմանորեն բերել միացնել այն հարցի հետ, թե սահմանին ո՞ր պետությունը ներկայացնող, կամ ազգության սահմանապահ է նստած»,-մեկնաբանեց Արման Եղոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիում ռուս սահմանապահներն են. Խուճապի չմատնվել
- Բերձորի միջանցքը և Մեղրիով գործարկվելիք ճանապարհը տարբեր հարթություններում գտնվող մեծություններ են.Մխիթար Զաքարյան