Երբ կանանցով հավաքվում, նման հարցեր եք քննարկում, մեզ էլ հրավիրեք. Հակոբ Արշակյանը՝ կին պատգամավորներին
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել։
Այսօր ԱԺ նիստի ընթացքում Լիլիթ Գալստյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ դրա ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու և Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ:
«Ներկայումս գործող օրենսդրական կարգավորման` «Տեսալսողական մեդիային մասին» ՀՀ օրենքի (16.07.2020թ) համաձայն Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց ներգրավվածության իրավական հիմքերը խոցելի են, ձեւակերպված են իրավական անորոշությամբ, ինչը բավարար երաշխիքներ եւ գործուն հնարավորություններ չի ապահովում կանանց ներուժն առավել արդյունավետ իրացնելու համար: Մասնավորապես, օրենքում կետ սոսկ ամրագրված է, որ Հանրային հեռարձակողի կառավարման խորհրդի կազմը (7անդամ) պետք է սեռային ներկայացվածություն ապահովի` առանց հստակեցնելու մեխանիզմը կամ համամասնությունը:...
Տվյալ փոփոխությամբ մասնակիորեն կհաղթահարվի Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց թերի ներկայացվածությունը, հանրային ընկալումներում կարժեւորվի կանանց ներուժի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը, գենդերազգայուն մոտեցման արդյունքում օրենսդրական մակարդակում Հայաստանը կհաստատի խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը»,- ներկայացված է նախագծում։
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նախագծի ու այս խոսակցությունն ԱԺ բերելու համար։
«Հաճախ կին պատգամավորներով հանդիպում և խոսում ենք այս խնդիրների մասին, բայց քիչ է լինում, որ խորհրդարանում տղամարդկանց ներկայությամբ ենք խոսում, որը Պեկինյան սկզբունքների խախտում է, ըստ որի իրավահավասարության հասնելու խոսակցությունում պետք է ներգրավված լինեն նաև տղամարդիկ»,- ասաց նա։
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց. «Հորդորում եմ՝ երբ կանանցով հավաքվում եք, նման հարցեր եք քննարկում, մեզ էլ հրավիրեք, կմիանանք և միասին կքննարկենք այդ հարցերը»։