Եթե իրական նպատակն ուսուցչի աշխատավարձի բարձրացումն է, ապա դա թող անեին դատավորների, դատախազների օրինակով. Թադևոս Ավետիսյան
«Բազմաթիվ ահազանգեր եմ ստանում հանրակրթական տարբեր հաստատություններում աշխատող վաստակաշատ ուսուցիչներից։ Խոսքը վերաբերում է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և դրանով պայմանավորված՝ աշխատավարձերի իբրև թե շեշտակի բարձրացմանը»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա հայտնեց, որ անցնող ժամանակը ապացուցել է, որ ուսուցիչների կամավոր ատեստաստավորման ներդրված համակարգը աղերս չունի ուսուցիչների աշխատավարձերի էական բարձրացման հետ, քանի որ ուսուցիչների աշխատավարձերի հիմնական չափերի բարձրացումը ակնհայտ անհրաժեշտություն է, իսկ կամավոր ատեստավորման համակարգը գործնականում այդ նպատակի իրականցաման գործիք չի կարող հանդիսանալ։
«Նախորդ երեք տարիներին ահագնացող գնաճի պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է շուրջ 30 %-ով։ Այս ընթացքում ուսուցիչների միջին աշխատավարձի աճը բացարձակ անհամարժեք է եղել գնաճին»,-ասաց Ավետիսյանը ր նկատեց, որ առավել սրվել է ուսուցիչների աշխատող աղքատ լինելու հանգամանքը։
Նրա խոսքով՝ անկախացումից հետո՝ բացի նախորդ հինգ տարիներին, հնգամյա կտրվածքով ուսուցիչների հիմնական աշխատավարձերի չափերի աճերն էապես գերազանցել են միջին գնաճին։
«Եթե իրական նպատակը աշխատավարձի բարձրացումն է, ապա դա թող անեին դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերի բարձրացման օրինակով, որի դեպքում առանց սահմանափակման աշխատավարձերը կրկնապատկվեցին՝ լրավճարի միջոցով։ Մատների վրա հաշված դեպքերը, երբ ուսուցչի աշխատավարձը ատեստավորումների արդյունքում դարձել է միջինից մի քանի անգամ ավել, փորձում են ներկայացնել՝ որպես օրինաչափություն և մանիպուլիատիվ կերպով թմբկահարում են»,-ասաց պատգամավորը։
Ըստ Ավետիսյանի՝ եթե ատեստավորումը ուսուցիչների մասնագիտական որակները ստուգելու և բարձրացնելու նպատակով է, ապա դա պետք է լինի պարտադիր և պարբերական, հակառակ դեպքում կլինի ակնհայտ խտրականություն, քանի որ այն աշակերտները, որոնց դասավանդում են ատեստավորված ուսուցիչներ կստանան առավել որակյալ կրթություն՝ մյուս աշակերտների համեմատ։
«Աշխատավարձերի պետական քաղաքականությունը ևս ողջ ծավալով ծառայում է սեփական իշխանության հենասյուներն ամեն գնով ամրապնդելու և վարձահատույց լինելու՝ նեղ խմբային շահին, իսկ մնացածը՝ չկատարվող ծրագրային խոստումները քողարկելու պարզ մանիպուլիացիաներ են»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Այս պահին բանակցային գործընթացում երկու կողմն էլ ադրբեջանական շահն են պաշտպանում
- Արցախի հանձնման վերաբերյալ հայտարարությունը՝ Հայաստանի և Արցախի պայքարը թաղելու փորձ էր. Տիգրան Աբրահամյան
- Մոտ մեկ ժամ պատգամավորներն ու փաստաբանները սպասել են, որ ներս մտնենք․ Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին