Գնաճը միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ. Մարտին Գալստյան
«2023 թ. մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագ տեմպերով նվազել և ամսվա վերջին կազմել է 1.3%: 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1%»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԳ նախագահ Մարտին Գալստյանը:
Ընթերցելով ԿԲ խորհրդի որոշումը՝ նա տեղեկացրեց, որ 2023 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են, և 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, բայց, գործընկեր բոլոր երկրներում, աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում, կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում, հետևաբար, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն:
«Ֆինանսական խիստ պայմանների ներքո պահանջարկի շարունակական թուլացումը նպաստում է ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են էականորեն թուլանալ»,-հայտնեց Գալստյանը և տեղեկացրեց, որ 2023 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը:
Աշխատանքի շուկայում դիտարկվող դրական տեղաշարժերը և արտադրողականության աճը, ըստ ԿԲ խորհրդի եզրակացության, պայմանավորում են նաև տնտեսության ներուժային աճի որոշակի ավելացումը,մյուս կողմից, պահպանվող արտաքին բարձր պահանջարկը և տնտեսությունում եկամուտների ավելացումը դրականորեն են նպաստում պահանջարկի ընդլայնմանը:
«Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում»,-ասաց Մարտին Գալստյանը և հայտարարեց, որ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը և 2023 թ. հունիսի 13-ի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5%:
ԿԲ խորհուրդը կանխատեսել է, որ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ և գնաճի շեղման ռիսկերի դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր գործընկերներին հրոդորո՞ւմ եք քայլեր ձեռնարկեն, որ ցանքատարածությունները մեծացնեն.Արթուր Խաչատրյանը՝ Մարտին Գալստյանին
- ԿԲ. Դրամի փոխարժեք և թանկարժեք մետաղների գներ
- Ձեզ և բոլորիս մաղթում եմ գների կայունություն.Մհեր Գրիգորյանը շնորհավորեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ծննդյան օրը
- ԿԲ-ն արձագանքեց կենսաթոշակային ֆոնդերի նվազման պատճառների մասին Panorama.am-ի հարցմանը