Որտե՞ղ են թաքնված սնկերը. Մաշկաբանը՝ ամռանը տարածված խնդրի մասին
Ամռան ամիսներին մարդիկ, այցելելով լողավազաններ, հաճախ չեն պահպանում սանիտարահիգիենիկ կանոններն ու բախվում են տարածված խնդիրներից մեկին՝ մաշկի սնկային վարակներին։
Ինչպե՞ս զերծ մնալ վարակից, վարակվելիս ինչպե՞ս վերացնել հետևանքները։ Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է «Հելիոս» բժշկական կենտրոնի մաշկաբան-վեներոլոգ Մարիամ Ալեքսանյանի հետ։
Panorama. am –Ինչպե՞ս խնամել մաշկը՝ կանխարգելել սնկային ախտահարումները։
Մաշկաբան -Առաջին հերթին անհրաժեշտ է ոտնաթաթի մաշկը պահել չոր։ Լոգանք ընդունելուց հետո անպայման չորացնել միջմատային հատվածները, քանի որ խոնավ միջավայրը շատ լավ միջավայր է սնկի զարգացման համար։
Panorama. am –Ի՞նչ կանոններին հետևել լողավազան հաճախելիս։
Մաշկաբան-Եթե հաճախում ենք լողավազան , ապա անպայման պետք է զգույշ լինել լողավազանի կողային հատվածներից, քանի որ ջրի մեջ քլորի պարունակությունը համապատասխանաբար բարձր է , իսկ կողային հատվածներում քիչ է և այնտեղից վարակվելու հավանականությունը՝ բավականին մեծ։ Այդիսկ պատճառով պետք է անպայման կրել հողաթափեր։
Panorama.am –Որո՞նք են այն ախտանշանները, որոնք հուշում են սնկային վարակի առկայության մասին։
Մաշկաբան-Եթե մենք խոսում ենք մաշկի սնկային ախտահարման մասին, պացիենտը կարող է գանգատվել մաշկի չորությունից, թեփոտվածությունից և ցանավորումից, իսկ քորը սնկային ախտահարման ժամանակ միշտ չէ, որ անհանգստացնում է, և այդ սիմպտոմի վրա, միշտ չէ, որ պետք է հիմնվել։
Ինչ վերաբերում է եղունգներին, դրանք կարող են հաստանալ, դեղնել, կանաչել, առանձնանալ մաշկից։
Panorama.am –Ի՞նչ անել նշանների ի հայտ գալուց հետո. զբաղվե՞լ ինքնաբուժությամբ, թե՝ ոչ։
Մաշկաբան-Նախ պետք է հասկանալ՝ արդյոք ունե՞նք սնկային ախտահարում։ Հասկանալու համար աչքով զննումը արդյունավետ չէ։ Մինչ հետազոտվելը պետք է 24 ժամ ոտքերը չթրջել, օճառից և ջրից խուսափել, ապա հանձնել խնդրահարույց հատվածի՝ մաշկի, եղունգների քերուկ, որը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության։
Նման դեպքերում, առանց բժշկի ցուցման, չի կարելի օգտագործել հակասնկային պրեպարատներ և ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ ինչպես յուրաքանչյուր դեղամիջոց, այնպես էլ հակասնկային միջոցները, ունեն իրենց ցուցումներն ու հակացուցումները։ Խորհուրդ չեմ տալիս նաև, առանց բժշկի նշանակման, հակասնկային հաբեր ընդունել։ Հակառակ դեպքում հակասնկային պրեպարատները կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ կլինի, եթե ներարգանդային պարույրը կնոջ օրգանիզմում մնա 10-20 տարի. Բացատրում է վիրաբույժ-գինեկոլոգը
- «Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում հիվանդության առաջացմանը
- Մանկաբարձ-գինեկոլոգները խոսում են կեսարյան հատման «համաճարակի» մասին