Հայ շախմատիստները չեն մեկնի Բաքու
Հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի 206 շախմատիստ։ Հայաստանից աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր ունեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ Կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության իրավունք Հայաստանից ունեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը։ Սակայն հայ շախմատիստները որոշել են չմասնակցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը։
Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանն ասաց, որ ֆեդերացիայում հանդիպում է կայացել շախմատիստների հետ, ովքեր էլ որոշել են, որ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը չեն մասնակցի։
«Անհատական մրցաշար է, շախմատիստները գտել են մասնակցելը ոչ նպատակահարմար։ Այսօրվա պայմաններում մեր պետությունների միջև լարվածություն կա, իսկ շախմատի դեպքում շատ գործառույթներ կան, որոնք ազդում են խաղի ընթացքի վրա։
Մեր շախմատիստները գտան, որ լարված մթնոլորտում բացառվում է լիարժեք խաղ ցուցադրել ու լիարժեք շախմատ խաղալ, դրանից ելելով՝ հրաժարվեցին մասնակցելուց»,- ասաց Ա. Գևորգյանը։
Նա նշեց, որ այս որոշման մասին հայտնել են Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԵ։
Ա.Գևորգյանը նշեց, որ իրենք նախապես դիմել էին ՖԻԴԵ-ին՝ հնարավորության դեպքում անցկացման երկիրը տեղափոխել։ Շախմատի միջազգային ֆեդերացիան երաշխավորել է հայ շախմատիստների անվտանգությունը Բաքվում։
«Պատկերացնում եք՝ թեև երաշխավորմանը, ինչ հետևանք կարող էր ունենալ։ Մարդիկ ժամերով նստում են, պայքարում, խաղում։ Դժվար կլինի նման լարված մթնոլորտում խաղալը»,- ասաց Ա.Գևորգյանը։
Նա նաև հայտնեց, որ իրենց այս որոշումը որևէ կերպ չի կարող անդրադառնալ հետագա մրցաշարերում մասնակցության վրա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը գրառում էր արել՝ նշելով, որ երկընտարնքի առաջ է՝ գնալ Բաքու, թե ոչ. «Երկընտրանքի առջև եմ. ես՝ որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի գավաթը, կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Ադրբեջանում՝ Բաքվում։ Քանի որ ՖԻԴԵ-ն խթանում է հիբրիդային ձևաչափը, ես ավելի քան պատրաստ եմ խաղալ որևէ հնարավոր վայրից»։