ՄԱԿ-ի միջոցով փորձ է արվել ճնշում գործադրել, որպեսզի շրջափակմանը վերջ դրվի․ Ժոզեպ Բորել
Լաչինի միջանցքում Բաքվի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:
Հարցուպատասխանի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը Ֆրանսուա Քսավիե Բելավին խստորեն քննադատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար ճգնաժամի:
«Արդարադատության դատարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից շրջափակումը, սակայն այս պետական ահաբեկչությունը չի հանգեցրել Խորհրդի կողմից որևէ պատժամիջոցի, իսկ Հանձնաժողովը, թվում է, անկարող է, ինչպես հարկն է, դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների այս շատ լուրջ խախտումը», - նշել է ԵԽ պատգամավորը:
Ժոզեպ Բորելը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի միջոցով տարբեր տեսակի ջանքեր են գործադրվել, որպեսզի հնարավոր լինի ապահովել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն ոչ բոլոր համաձայնագրերն են պահպանվում:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարության մաս է կազմում Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղ մարդկանց և ապրանքների անարգել ելումուտը, սակայն գործնականում այդ համաձայնագիրը չի հարգվում:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է ապահովվել Հայաստանի և Ադբերջանի միջև ձեռք բերված համաձայնությունների պահպանումը, Բորելն ասել է, որ, ցավոք, երբեմն համաձայնագրերը հայտնվում են փակուղու առաջ և չեն իրագործվում, ինչի «հրաշալի օրինակ է այն, ինչ տեղի է ունենում անցակետում»:
Բորելը շեշտել է, որ ՄԱԿ-ի միջոցով փորձ է արվել ճնշում գործադրել, որպեսզի շրջափակմանը վերջ դրվի և ապահովվի մարդկանց և ապրանքների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով:
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ, այդուհանդերձ, հարկավոր է լավատես լինել, որովհետև քայլ առ քայլ, համաձայնագրերի մասնակի իրագործման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել այն բանից, որ տարածաշրջանում նորից բռնկվի պատերազմ, զինված հակամարտություն:
Նա հույս է հայտնել, որ ներկայում գործադրվող դիվանագիտական ջանքերը թույլ կտան պահպանել տարածաշրջանում հարաբերական անդորրը, մինչ բանակցությունները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան