Մեր անհաջողությունների պատճառն այն է, որ ժողովրդի լայն զանգվածներին չկարողացանք բացատրել սպառնալիքները. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, Իշխան Սաղաթելյանը հրավիրված ասուլիսում ներկայացրեց ՀՅԴ Գերագույն ժողովի արդյունքները, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:
Նա հայտնեց, որ հունիսի 8-11-ը տեղի ունեցած ժողովին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերից ընտրված, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչները:
Սաղաթելյանի խոսքով՝ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության բարձրագույն ժողովը քննարկել է Գերագույն մարմնի անցնող երկու տարիների գործունեության արդյունքները, լսել է հաշվետվությունը և նախանշել առաջիկա անելիքները:
Բանախոսը տեղեկացրեց, որ ժողովի ժամանակ ընտրվել է 13 հոգուց բաղկացած նոր ԳՄ կազմ և աշխատանքների արդյունքով ընդունվել է հայտարարություն, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայ ժողովուրդը և Հայոց պետականությունը կանգնած են գոյութենական ծանրագույն սպառնալիքի առաջ:
Հայաստանի իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը, ՀՀ Անկախության հռչակագրից բխող հանձնառություններից և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի սահմանադրական պարտականություններից հրաժարվելը, թուրք-ադրբեջանական պարտադրվող զիջումներն ընդունելու և հայ ժողովրդի ազգային պետական շահերը ստորադասելու քաղաքականությունը կործանարար է։
Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության և Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու Հայաստանի պետականության ապագան։
Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական և քաղաքական լեգիտիմություն, այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով և անխուսափելիորեն ապակայունացնելու և նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։
Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումը օրախնդիր է և համազգային առաքելություն։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը ճակատագրական այս հանգրվանում ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱՇԱՐԺԻ կոչ է հնչեցնում։
Սթափվելու, ընդվզելու, մեր ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏՈՎ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀՆ Է։
ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ Չէ
Մենք համոզված ենք՝
իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա,
հաստատում ենք՝
ներազգային համերաշխության վերահաստատումով և համահայկական ներուժով կարող ենք և պարտավոր ենք՝
Վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը,
Վերականգնել երկրի անվտանգային համակարգը, ազգ-բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու Հայոց բանակի մարտունակությունը․
Արդյունավետ օգտագործելով միջազգային իրավունքն ու միջազգային հարթակները, համադրելով տարածաշրջանում հետապնդվող աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, Հայաստանի ռազմավարական դաշնակիցների զորակցությունն ու դիվանագիտական ռեսուրսները՝ պաշտպանել և առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերը,
Միջազգային իրավունքի համատեքստում մերկացնել և դատապարտել Ադրբեջանի հանցագործություններն՝ ուղղված մարդկության և կոնկրետ հայ ժողովրդի դեմ,
Կասեցնել մեր ազգային ինքնությունը քայքայող օտարածին ծրագրերը, երկրում հաստատել իրական ժողովրդավարություն, հանրային համերաշխություն և արդարություն,
Համահայկական ուժերի մեկտեղումով զորացնել Հայաստանի կարողականությունները, ստեղծել ուժեղ և մրցունակ պետություն, որն անզիջում դիմադրությամբ կկանխի թուրք-ադրբեջանական տանդեմի հետապնդած Արցախի բռնակցման, հայաթափման և Հայաստանին կենսական զիջումներ պարտադրող պանթուրքական ծրագրերը։
Աներկբա է՝ վերը նշված մարտահրավերները դիմագրավելու և ստեղծված իրավիճակում հանգուցային բեկում մտցնելու նախապայմանը ազգային իշխանության ձևավորումն է և նոր որակի պետության կառուցումը։
ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն ու ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցն իրենց ողջ ներուժով լծվելու են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորմանը»։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սաղաթելյանն ասաց. «Մենք գտնում են, որ եթե ստրագրվի այն, ինչ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ապա այն խաղաղության պայմանագիր չէ, շատ հստակ՝ նոր կապիտուլյացիա է: Եթե այն ստորագրվի, ապա աղետալի և ողբերգական հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար: Այն կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորումն է»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտնեց, թե պայքարի նպատակն այն է, որ այդ փաստաթուղթը չստորագվի:
«Մեր հիմնական անհաջողությունների պատճառն անցնող երեք տարիներին հիմնականում եղել է այն, որ ժողովրդի լայն զանգվածներին չկարողացանք բացատրել այդ սպառնալիքները և դուրս բերել պայքարի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը և նկատեց, որ նախկինում ընդդիմությանը մեղադրում էին, որ նա պայքարում է միայն իշխանության համար, բայց հիմա հասկանում են, որ պայքարել են իշխանության կործանարար քաղաքականության դեմ:
Նա նաև հայտնեց, որ ընդդիմությունն առաջիկայում նախատեսել է պայքարի նոր գործողություններ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ԳՄ. Սթափվելու, ընդվզելու վճռական պահն է
- ԳՄ կազմն էլ, կարելի է ասել, «Իշխան»-ամետ անձանցից է կազմված. Մամուլը ՀՅԴ գերագույն ժողովից մանրամասներ է հրապարակել
- ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ է կրկին ընտրվել Իշխան Սաղաթելյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան