ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում - 2» միջազգային գիտաժողովը
Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում - 2» միջազգային գիտաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը։
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Հրանուշ Խառատյանը, իր բացման խոսքում ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում» թեմայով գիտաժողովն առաջին անգամ տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ։ «Դա լավ, վարակիչ օրինակ եղավ, որ մենք այսօր շարունակենք Հայաստանում այս գիտաժողովը», - ասել է նա։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է․ «Գիտաժողովի շրջանակներում խորհրդային իրականությունն արժևորվում է հիմնականում մարդաբանական տեսանկյունից: Քննարկվելու են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առօրեականությունը, խորհրդային իրականության անհատական և խմբային ընկալումները։ Խորհրդային Միության մասին խոսելիս՝ մենք պետք է հաշվի առնենք դրամի երկու կողմերը։ Մի կողմից խորհրդային իրականությունը տոտալիտար միջավայր էր, որը խնդիրներ էր ստեղծում ազատ մտածելակերպի զարգացման համար, բայց մյուս կողմից Խորհրդային Միությունը մեր ժողովրդի համար բացեց նոր դարաշրջան, երբ մենք կարողացանք ուշքի գալ պատմության դաժան հարվածներից, վերագտնել մեզ։ Հատկապես 50-ական թվականներից հետո սկսվում է հայոց պատմության ամենածաղկուն շրջաններից մեկը, երբ Հայաստանում էապես զարգացավ տնտեսությունը, գիտությունը, արվեստը, և ինչ-որ տեղ մենք վերագտանք մեզ։ Խորհրդային Միության այս երկու կողմերն անպայմանորեն անհրաժեշտ է հաշվի առնել մեր գիտական հետազոտություններում և փորձել օբյեկտիվորեն մոտենալ դրա գնահատմանը»։
Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան