«Ժողովուրդ». Իսկ ի՞նչ է փոխվել ՀՀ շարքային քաղաքացու կյանքում, իսկ հեղափոխական թիմը թանկարժեք հաճույքների շրջանակն է ընդլայնել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ԲԿՄԱ՝ Բանակային կենտրոնական մարզական ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը երկու օր առաջ իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր հրապարակում էր արել՝ խնդրելով օգտատերերին օգնել իրեն՝ գտնելու արագ կառուցվող տնակ: Նա նաև լուսանկար էր տեղադրել:
Լուսանկարում հիմնականում ռոմանտիկ երեկոներ կազմակերպելու համար նախատեսված տնակ է, որտեղից էլ առաջացավ մեր հետաքրքրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի կառուցապատողների հետ զրույցից պարզեց, որ այդ տնակները՝ ամբողջությամբ կահավորված, 6-ից մինչև 10 միլիոն դրամ արժեն. 1 քմ-ն սկսվում է 300 հազարից մինչև 600 հազար դրամ և ավելի:
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ տնօրենը մինչև 2018-ի հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում ֆոտոլրագրող էր, միջին վիճակագրական քաղաքացի: Հիմա՝ հեղափոխությունից 5 տարի անց, նա թանկարժեք տնակներով է հետաքրքրվում, միջին վիճակագրական քաղաքացու հետաքրքրություններից վեր հաճույքների ձգտում: Ո՞ւմ հետ է պատրաստվում ռոմանտիկ երեկո անցկացնել Աղբալյանը. արդյոք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի համա՞ր է փնտրում թանկարժեք «վրանը», որ Տավուշի անտառներում դնեն…
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել նախկին գործընկերոջ հետ, սակայն Գագիկ Աղբալյանը խիստ դժկամորեն ասաց, թե ցանկություն չունի մեկնաբանելու ոչինչ: Երբ շատ համառեցինք, ասաց, թե եղբոր համար է փնտրում, ու հրաժարվեց մանրամասներ հայտնել: Նկատենք, որ ՀՖՖ պաշտոնյան հանրային հարթակում գնիջեցման, թանկի և էժանի խոսակցություն է վարել:
Դժվար է հավատալ, որ տնակը գնելու ցանկություն ունեցող Աղբալյանի եղբայրն իր հարազատին գործից կկտրեր և տնակ գտնելու գործ կհանձնարարեր: Չհավատացինք: Բայց փաստ է, որ հեղափոխական թիմը թանկարժեք հաճույքների շրջանակն ընդլայնել է: Ծով չունենք, որ շքեղ զբոսանավեր պատվիրեն, տնակներ են պատվիրում նորահարուստ իշխանիկները, որ անտառներում հաճույքներ վայելեն: Իսկ ի՞նչ է փոխվել ՀՀ շարքային քաղաքացու կյանքում՝ կհարցնեք դուք. ոչինչ, ուղղակի Խաչատրյան ԳԱԳԻԿԻ փոխարեն Աղբալյան Գագիկներն են հարստացել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները