ՔՊ-ականները կողմ քվեարկեցին ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած նախագծերին
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն նախքան քվեարկությունը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին։
Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ այս նախագիծն ուղղված է բնության, մշակույթի, պատմության հուշարձանների պահպանության օգտագործման ու պաշտպանության նկատմամբ հանրային ու վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն։ Նախագծով առաջարկվում է վարչական տույժերի չափը բարձրացնել, մասնավորապես, առաջարկվում է գործող վարչական տույժերի չափը կրկնապատկել։
ՔՊ-ականները կողմ քվեարկեցին և առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստան խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Էլինար Վարդանյանի կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախագիծն ընդուվեց 90 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ինչ վերաբերում է այս նախագծին, Լիլիթ Գալստյանն ասել էր, որ դրա ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու և Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Երբ կանանցով հավաքվում, նման հարցեր եք քննարկում, մեզ էլ հրավիրեք. Հակոբ Արշակյանը՝ կին պատգամավորներին
- Լիլիթ Գալստյանն առաջարկում է հուշարձանները փչացնելու դեպքում տույժերը կրկնապատկել