Եթե ես այստեղ կանգնած եմ, հետևաբար ինձ հետաքրքրում է իմ ընտրությանը. Անահիտ Սարգսյան
«Եթե ես այստեղ կանգնած եմ, հետևաբար ինձ հետաքրքրում է իմ ընտրությանը: Ես, իհարկե, ցանկանում եմ ընտրվել, բայց ոչ թե իմ անձի համար, այլ կցանկանայի աշխատել այդ հիմնարկում, քանի որ ես այնտեղ աշխատանքային գործունեության 10 տարվա փորձ ունեմ»,-ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանը՝ պատասխանելով փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե արդյոք իրեն հետաքրքրում է իր թեկնածության վերաբերյալ ՔՊ խմբակցության կարծիքը:
Սարգսյանը հայտնեց, որ մինչև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում աշխատելը(2017-2019թթ.) և դրանից հետո էլ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
«Փաստորեն հանդես գալով երկու հակադիր բևեռներում՝ մի կողմից ներկայացնելով պետության շահերը, մյուս կողմից՝ տնտեսվարողների, ես բավականին լավ եմ պատկերացնում և կարծում եմ, որ իմ հմտրությունը և աշխատանքը հանձնաժողովին օգտակար կլինի»,-ասաց Սարգսյանը:
Նշելով որ, տրամաբանական պատասխան հնչեց՝ ԱԺ նիստը նախագահող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանին. «Տեսնո՞ւմ եք, պարոն Մամիջանյան, Ձեր մոտ չստացվեց փչացնել տպավորությունը թեկնածուի վերաբերյալ»:
Մամիջանյանը մինչ այդ հայտարարեց, որ քաջատեղյակ է, թե ինչ սկզբունքներով է քվեարկում ՔՊ խմբակցությունը և այդ առումով կառուցողական ակնկալիք չունի Մրցակցության պաշտպանության ընդդիմության թեկանծուի քվեարկությունից:
Պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ Անահիտ Սարգսյանը հայտնեց, որ 2017 թվականին, երբ ինքը հանձնաժողովի անդամ էր, վառելիքի շուկայում մենաշնորհ ունեցող ընկերություններ չկային, կան գերիշխող դիրքեր ունեցող 5 տնտեսվարող սուբյեկտ, որոնք այսօր էլ պահպանում են այդ դիրքերը: