Ադրբեջանի կողմից առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել. Պաշտպանության փոխնախարար
«Սահմանային իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն, որոշակի լարվածության միտում նկատվում էր, վերջին օրերին ադրբեջանական մամուլը և առհասարակ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում և, որպես կանոն, դրան հաջորդում են որոշակի քայլեր»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Անդրադառնալով Երասխի ուղղությամբ Ադրբեջանի գործողություններին և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սրանով Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի համար հող է նախապատրաստում, Ա. Սարգսյանն ասաց. «Չեմ կարող ասել լայնածավալ գործողությունների վերածվելու, թե ինչ-որ լրացուցիչ էսկալացիային ուղղված քայլեր իրականացվում են, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացի դրական ընթացքին և բացասական հետևանքներ է առաջացնում, դա ակներև է: Որպես կանոն, նմանատիպ դեպքերում որոշակի էսկալացիայի համար հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես նույնն է, և նորից շարունակում են փոքր-փոքր լոկալ խնդիրներ ստեղծել»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Երասխում ադրբեջանցիներն առաջ գալու միտում ունեցել են, Արման Սարգսյանն ասաց. «Ըստ իմ ունեցած տեղեկությունների, դրանք հեռահար կրակոցներ են, առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել: Ամեն դեպքում, որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, որն անընդհատ կարծես թե սովորել է այս լարված իրավիճակում ապրելուն: Պետք է լինենք զգոն, ամեն դեպքում վստահ, որ մեր Զինված ուժերը և ուժային ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել իրավիճակը։ Մենք հույս ունենք, որ ադրբեջանական զինված ուժերի և այդ շրջանակների կողմից այս ապակառուցողական մոտեցումը վերջ կունենա»։
Նրա խոսքով, ոչ միայն ՊՆ-ն, այլև ԱԳՆ-ը և բոլոր շահագրգիռ պետական մարմիններն այս երևույթին արձագանքում են:
«Անընդհատ մենք տեղեկատվություն տրամադրում ենք, տեղեկատվության վերլուծությամբ ակնհայտ կդառնա, թե որն է իրական նպատակը: Սակայն նպատակը, կարծում եմ, լարվածություն ստեղծելն է, և, փառք Աստծո, որ մենք զոհեր կամ ավելի լուրջ վնասվածներ չունենք»,- ասաց Արման Սարգսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի բանակն ունի իր առջև դրված խնդիրները, և, ըստ իրադրության, այդ խնդիրները փոխվում են:
«Ամեն դեպքում, բանակը պատրաստ է և պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի»,- ասաց պաշտպանության փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում.Սարգիս Խանդանյանը՝ Երասխի միջադեպը ԵՄ դիտորդների կողմից արձանագրելու մասին
- Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի ուղղությամբ. ՊՆ
- ՊՆ հրապարակել է Երասխում վիրավորվում ստացածների անունները
- Երասխում Ադրբեջանի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության
- Երասխի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներից մարդկային կորուստներից հնարավոր է եղել այդ հատվածում պատահականորեն անձանց չգտնվելու պատճառով. ՔԿ
- Ադրբեջանի ԶՈՒ կրակից Երասխում երկու օտարերկրացի է վիրավորվել
- Գնդակոծելով կառուցվող գործարանը՝ Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ. ԱԳՆ
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի մետաղաձուլարանը կառուցող աշխատակիցների վրա
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան