Վրաստանում մեքենաների ներկրման տարիքային սահմանափակումը ոչ արդիական է․ Ավտոներկրողներ
Վրաստանի ավտոմեքենաներ ներկրողների ասոցիացիայի ղեկավար Լաշա Դարբաիսելին հայտարարել է, որ ընդհանուր առմամբ մեքենաների ներկրման տարիքային սահմանափակումը ոչ արդիական է և որևէ կերպ չի կարող նպաստել շրջակա միջավայրի բարելավմանը։
«Տեղեկություն է տարածվել, որ նախատեսվում է արգելել մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներկրումը։ Տարօրինակ է, որ սահմանափակումներ են մտցվում հենց ըստ տարեթվերի, չնայած այն բանին, որ եվրոպական ոչ մի երկիր նման նորմ չունի։ Սա մեզ ոչ մի արդյունք չի տա, մենք միայն կվնասենք ավտոներմուծողներին»,- Jnews-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Դարբաիսելին։
Նրա խոսքով, քաղաքացիների մեծ մասը հնարավորություն չունի գնելու թանկարժեք նոր մեքենաներ, և ստիպված կլինեն գնել էլ ավելի հին մեքենաներ, որոնք երկար տարիներ վարում են Վրաստանում։
«Սա կհանգեցնի ավտոպարկի էլ ավելի հնացման: Այս և հարակից ոլորտներով զբաղվող ընկերությունները նույնպես կտուժեն, բացի այդ, Վրաստանի բյուջեն ակցիզային հարկից զգալի գումար կկորցնի, օրինակ՝ 2022 թվականին վաճառվել են 903,8 մլն դոլարի ավտոմեքենաներ»,- ասել է Լաշա Դարբաիսելին։
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ ներկայումս Վրաստանում շրջող մեքենաների 90%-ը տասը տարեկանից բարձր է։
«Մեծ քաղաքներում ապրելն իսկապես անտանելի է արտանետումների պատճառով, բայց այս խնդիրը լուծելու այլ մեթոդներ կան, որոնք դեռ չեն կիրառվել, օրինակ՝ Վրաստանում դեռ թույլատրվում է առանց կատալիզատորի վարել։ Մեքենայի տարիքը կարևոր չէ, շատ ավելի կարևոր է, թե արդյոք այն ունի կատալիզատոր, քանի որ առանց կատալիզատորի 2018 թվականի մեքենան ավելի շատ վնասակար նյութեր է արտանետում մթնոլորտ, քան 2012 թվականի կատալիզատորով մեքենան: Հենց այս տեսանկյունից է, որ պետք է լուծել խնդիրը»,- ասել է Ասոցիացիայի նախագահը։
Վրաստանի վիճակագրության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում գրանցված մեքենաների թիվն աճել է 73 000-ով: Աճի ամենամեծ մասնաբաժինը թեթև մարդատար ավտոմեքենաներին է բաժին ընկել՝ մոտ 67 000 միավոր:
Անցյալ տարվա տվյալներով՝ Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է 1 563 165 տրանսպորտային միջոց։ Գրանցված տրանսպորտային միջոցների մեծ մասը՝ 1 296 354-ը, 10 տարեկանից բարձր են։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը Վրաստան կարգելվի
- Վրաստանը պատրաստվում է ձմեռային օլիմպիական փառատոնին