Քաղաքացիները՝ Բորելի հայտարարության մասին. Այսպես նվաստացած չեմ զգացել ինձ, արդեն 5 տարի է
Երեկ՝ հունիսի 13-ին Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարեց՝ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։
Panorama.am-ը փոքրիկ հարցման միջոցով փորձեց պարզել՝ ինչպե՞ս են գնահատում քաղաքացիներն այս հայտարարությունը, և Արցախի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը։
«ՀՀ վարած քաղաքականությունը գնահատում եմ ինչ-որ չափով դրական, և ինչ-որ չափով բացասական։ Բացասական այն առումով, որ հողերը կամաց-կամաց տալիս են՝ առանց պատերազմի, իսկ դրական այն, որ ինքը մի քիչ գրագետ է վարվում դիվանագիտության առումով»,-ասաց հարցվողներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի կարծում է՝ այն, ինչ կատարվում է, նորմալ քաղաքականություն է.
«Գլխից վեր-վեր թռնել չի կարելի։ Չափ կա. ռեստորանների, հյուրանոցների, ատամների կրճտոցի դիմաց, կարելի էր զենք գնել ժամանակին՝ միչև Փաշինյանը, Փաշինյանը ստեղ ոչ մի բան ա, ոչ մեղք ունի, ոչ էլ խելք։ Ինքը իր հնարավորությունների չափով նախկինների ստեղծվածն ա՝ հետևանքը։ Արցախի մասին էլ ավելի լավ է բան չասեմ»։
Հարցման մասնակից մի կին քաղաքացին նշեց, որ ստեղծված իրավիճակում դժվար է միանշանակ որևէ բան ասել. «Պետք է ուղղակի ժամանակի վրա խաղալ։ Երազում եմ խաղաղության մասին»։
«Պայմանագիր են կնքում, որ Արցախը Ադրբեջանին հանձնեն, բայց մյուս կողմից էլ վարչապետը հայտարարել ա, որ Արցախը Հայաստան է ու վերջ։ Իրար հակասում են, եթե Արցախը զորքով վերցնի ու պաշտպանի, պատերազմ կսկսվի, ինչը վնաս է ժողովրդին։ Պիտի նորմալ բարիշեն»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
«Իմ կարծիքով, Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում, հենց էնպես որոշումներ չեն կայացվում»,-վստահ էր հարցվողներից մեկը։
«Խոսելու բան չկա, շատ վատ եմ գնահատում, սենց նվաստացած չեմ զգացել ինձ իմ քաղաքում, հաստատ եմ ասում, արդեն 5 տարի է»,- հուսահատված ասաց մեկ ուրիշը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին