Ադրբեջանական կողմը ուժի գործադրմամբ փորձում է խափանել մետալուրգիական գործարանի կառուցման ծրագիրը․ Միրզոյան
«Գաղտնիք չէ, որ բանակցությունների, ընդ որում ոչ միայն խաղաղության պայմանագրի շուրջ, այլ նաև բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը և ի վերջո ՀՀ-ին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի»,- ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչո՞ւ պետք է խաղաղության գնալիս Ադրբեջանը Երասխում կրակի հայկական դիրքերի ուղղությամբ, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ սա առաջին դրսևորումը չէ։
«Վստահ եմ՝ նաև վերջին դրսևորումը չէ: Այլ հարց, որ այսպիսի վարքագծի նկատմամբ և մենք՝ ՀՀ-ն, և միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվենք, կամ մենք բանակցում ենք բարի կամքով՝ գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կամ, եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է: Հուսով ենք, որ նաև միջազգային հանրության համար է անընդունելի։ Հիմա կոնկրետ այս դեպքում և նախորդ շատ դեպքերում խոսքը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին է վերաբերում: Այդ սահմանները պետք է մնան անխախտելի:Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, միջազգային հանրությունն էլ այս գործում պետք է դերակատարում ունենա:
Միրզոյանի խոսքով՝ կոնկրետ Երասխի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիայի դեպքի պարագայում մի նոր նրբերանգ կա:
«Նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում: Նախնական գնահատականներով՝ այս գործարանը գործունեության ընթացքում էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը: Եվ ահա ադրբեջանական կողմը նախ շինծու, կեղծ բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, մինչդեռ մենք մեր բոլոր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ բնապահպանական համատեքստում, կատարում ենք, դա փաստ է նաև այս գործարանի պարագայում: Սա մերկապարանոց հայտարարություն չէ, այլ՝ ստուգված: Ադբեջանը կեղծ բնապահպանական մեղադրանքներ ներկայացրեց, որից հետո հնչեց հայկական կողմի հերքումը, կան, իր վկայակոչած, միջազգային կոնվենցիաները, դրանցով զբաղվող կառույցները, որտեղ կարող ենք քննարկել հարցը։
Եվ հայկական կողմի դիրքորոշման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է պարզապես ուժի գործադրմամբ կրկին խափանել այս ծրագիրը: Սա ոչ միայն ոտնձգություն է ՀՀ սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլ նաև զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում բերելով՝ փորձ է արվում խաթարել մի ծրագիր, որը կարող է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը»,-ասաց Միրզոյանը