Արցախն իմ համար լիրիկական զեղում չէ, Արցախն իմ համար հայրենիք է.Անահիտ Սարգսյանը՝ Արփի Դավոյանին
«Դուք ձեր կարծիքն եք հայտնել Նիկոլին սատարողների մասին՝ ֆեյսբուքում գրելով. «Դուք փուչ մարդիկ եք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով անուղեղ ոչխար եք, որ չի հասկանում, որ իրեն տանում են սպանդանոց», մի տեղ էլ գրել էիք. «2018-ին դուք հորթի հրճվանքով բառաչում էիք ձեր ընտրություններից»,- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընդդիմադիր թեկնածու Անահիտ Սարգսյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը:
Վերջինս հարցրեց, թե նման գրառում անողը ինչ ակնկալիքներ ունի ՔՊ խմբակցությունից՝ հանձնաժողովի անդամ ընտրվելու հարցում:
«Ես շատ զարմացած եմ, որովհետև կարծում եմ, որ պառլամենտական պետությունում ԱԺ-ն թիվ մեկ ամբիոնն է, որտեղ պետք է քննարկվեն պետության համար կարևոր և շատ լուրջ հարցեր և չքննարկվեն ֆիզիկական անձանց ֆեյսբուքյան գրառումներ»,-արձագանքեց Սարգասյանը:
Նա հայտնեց, որ իր գրառումները կատարելուց հետո չի ջնջում և տարօրինակ համարեց, որ այդ ջնջված գրառումը հայտնվել է, քանի որ ջնջվածը հնարավոր չէ հետ բերել:
«Կյանքում իմ համար ամենթանկ բանը ոչ թե պաշտոնն է, դրա արդյունքում ստացած աշխատավարձը, այլ իմ համար ամենակարևորը պետությունն է և իմ ժողովուրդը, որը պետք է լավ ապրի այդ պետության մեջ»,-ասաց թեկնածուն և, հայտնելով, որ երիտասարդ տարիքից բազմաթիվ հնարավորություններ է ունեցել տեղափոխվել այլ երկիր, բայց հասկացել է, որ կարող է ապրել միայն իր հայրենիքում, հավելեց. «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը համարել եմ իմ հայրենիքը և ես ամեն անգամ աշխատանքի բերումով երբ Արցախ եմ գնացել և երբ մտել եմ Արցախ ու տեսել «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրառումը, առանց պաթոսի կարող եմ ասել, որ միշտ հուզվել եմ, արցունքներս գնացել են և միշտ պատրաստ եմ եղել համբուրել այդ հողը, որովհետև ես հասկացել եմ, որ հազարավոր տարիներ անց մենք ոչ միայն ձեռք ենք բերել պետականություն, այլև հետ ենք բերել թշնամու կողմից գրավված հող»:
Նա հայտնեց, որ Արցախի կորուստը համարում է նաև ՀՀ պետականության կորուստ և երբ հասկացել է, որ կարող է կորցնել հայրենիքի կարևորագույն հատված, կարող է էմոցիոնալ բազմաթիվ արտահայտություններ անել, որոնք քաղաքական չեն, այլ հայրենիքի հանդեպ սիրուց են մղված:
Անահիտ Սարգսյանը հայտնեց, որ ճիշտ չէ ԱԺ ամբիոնից իր ֆեյսբուքյան գրառումները քննարկել:
«Այն լիրիկական զեղումները, որով դուք հանդես եք գալիս, ասելով՝ ես այսպես, ես այնպես, այն Ձեր իրավունքն է, ասել, որ այս կամ այն գրառումն արել եք այս-կամ այլ առիթներով, զգացմունեներից ելնոլով, բայց դուք գտնվում եք թիվ մեկ քաղաքական ամբիոնում և հնչում են քաղաքական գնահատականեներ, այնպիսի հարցեր ենք տալիս, որից հետո կարող ենք եզրակացնել, թե արդյո՞ք մեր քվեն ձեզ կարող ենք տալ, թե ոչ»,-ասաց Արփի Դավոյանը:
Անահիտ Սրգասյանը հայտնեց, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամն, ըստ օրենքի, պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն և թեկնածուի ընտրությունը պետք է բացառապես պայմանավորված լինի մասնագիտական կարողություններով:
«Չեմ կարծում, որ իմ ֆեյսբուքյան գրառումն հրապարակայնացնելն այս դահլիճին հարիր է: Ինչ վերաբերում է ձեր խոսքին, թե ես լիրիկական զեղումներ եմ անում, ասեմ՝ Արցախն իմ համար լիրիկական զեղում չէ, Արցախն իմ համար հայրենիք է և Արցախի վերաբերյալ յուրաքանչյուր խոսքն այնքան կարևոր է, որքան իմ ծնողը և իմ զավակը: Ուստի այն իմ համար լիրիկակական զեղում չի կարող գնահատվել»,-պատասխանեց Անահիտ Սարգսյանը:
ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն էլ հայտարարեց, թե հանձնաժողովի թեկնածուն աղանդավորի տպավորություն է թողնում, ինչին Սարգսյանը արձագանքեց՝ տարակուսելով, թե չէր պատկերացնում, որ հայրենասիրությունը կարող է աղանդավորություն համարվել:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ես այստեղ կանգնած եմ, հետևաբար ինձ հետաքրքրում է իմ ընտրությանը. Անահիտ Սարգսյան
- Գիտեի՝ ԱԺ եմ գալիս զեկուցելու, ոչ թե դպրոցական հանդեսի. Մամիջանյան