Երեկվանից ահազանգեր են հնչել՝ դեղերի պարագայում անհամաչափ բարձրացվում է տուգանքը. Արծվիկ Մինասյան
Երեկ Ազգային ժողովում քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Այսօր ԱԺ նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ երեկվա քննարկումից հետո ահազանգեր են հնչել դեղերի և բժշկական պարագաներ ներմուծող կազմակերպությունների կողմից առ այն, որ դեղերի պարագայում անհամաչափ բարձրացվում է տուգանքը այն դեպքում, երբ կառավարության մեկ այլ որոշմամբ ընդլայնվել է այդ ցանկը՝ 50-ից դառնալով 180 ապրանքներ, որոնց մի էական մասը գրանցված չլինելու պատճառով չեն կարողանում ներմուծում ապահովել։
«Ստացվում է, եթե այս օրենքը այս տեսքով ընդունվի, այս կազմակերպությունները միանգամից հայտնվելու են հսկայական տուգանքների տակ։ Բացի դա, այս մոդելի պայմաններում հատկապես ռազմավարական պաշարաների մասով խնդիր է առաջանալու հետագայում այդ դեղերը փոխարինելու այլ համարժեք դեղերով, որը ենթադրում է բյուրոկրատական հսկայական քաշքշուկ, ինչը ակամայից այս կազմակերպություններին դնում է ծանր վիճակի մեջ»,- ասաց Մինասյանը։
Նա առաջարկեց, քանի որ հանձնաժողովը հանդես էր եկել քննարկելու նախագծերը 24-ժամյա ռեժիմով, հանել այդ ռեժիմը, որը հնարավորության կտա մեկ ամսվա ընթացքում քննարկում կազմակերպեկ կազմակերպությունների ներկայացուցչների հետ, քանի որ մինչ այս պատշաճ քննարկում չի եղել, կամ երկրորդ տարբերակը՝ եթե 24-ժամյա ռեժիմով քննարկվի, անգամ այդ ժամանակ չընդունվի ամբողջությամբ երկրորդ ընթերցում, գնա առաջարկությունների փուլ, ինչը հնարավորություն կտա որոշակի քննարկում կազմակերպել հանձնաժողովում այս հարցերին լուծում տալու համար։
Կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 64 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։