Քննարկվում է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցին միացնելու նախագիծը
Հանրային քննարկման է ներկայացվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Գործընթացի վերաբերյալ պարզաբանումները ներկայացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց:
Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը և ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախ հանդիպել է դպրոցի ուսուցչական կազմի հետ, այնուհետև դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին, ներկայացրել պետական քաղաքականությունը, գործընթացի մանրամասները, նպատակը և դրդապատճառները, ինչպես նաև պատասխանել մանկավարժներին և աշակերտներին հուզող հարցերին:
Արաքսիա Սվաջյանը նախ անդրադարձել է Կառավարության բարեփոխումների ընդհանուր ծրագրին, ինչի համատեքստում իրականացվում են նաև դպրոցների միավորումներ:
Փոխնախարարն ընդգծել է, որ դպրոցների միավորման գործընթացն իրականացվում է հանրապետության տարբեր մարզերում և Երևանում, որը պայմանավորված է 1400 դպրոցների մեծ մասի թերբեռնված աշխատանքով և ոչ բարենպաստ շենքային պայմաններով:
«Ինչպես գիտեք, իրականացվում է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացը, և այժմ բարեփոխումների ակտիվ փուլում ենք, որն ուղղված է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների կարողությունների և դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը: Եթե ցանկանում ենք ունենալ որակյալ կրթություն, ապա պետք է ունենանք նաև պատշաճ պայմաններ, որպեսզի ուսուցիչը և աշակերտը հնարավորություն ունենան լաբորատոր փորձեր անելու և հագեցած գրադարանից օգտվելու»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, որն ընդգրկում է թե՛ գյուղական, թե՛ քաղաքային դպրոցները: Նրա տեղեկացմամբ՝ Կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատվել է մարզային դպրոցների ցանկը, որը ներառվելու է ծրագրում:
«Մեր դպրոցները հիմնականում կառուցվել են 1960-70-ական թթ. և լուրջ ներդրումների կարիք ունեն: Բնականաբար, հնարավոր չէ 1400 դպրոց միանգամից վերակառուցել, և զուգահեռ իրականացվում է 3-րդ գործընթացը: Այն դպրոցները, որոնք այս փուլում չեն ընդգրկվել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում և թերբեռնված են, խնդրահարույց են արդյունավետ գործունեության տեսանկյունից։
Փորձում ենք միավորել և ստանալ ավելի մեծ, ուժեղ ու ամբողջական, պատշաճ ենթակառուցվածքներով դպրոցներ՝ դիտարկելով դրանց բարելավումը պետական աջակցության ծրագրերի շրջանակում,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և հավելել,- այս համատեքստում ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ավագ դպրոցները ևս շատ թերբեռնված են: Փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք արդյունավետ կազմակերպել դրանց գործունեությունը՝ տալով համարժեք լուծումներ»:
Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժների և աշակերտների հարցերն ու մտահոգությունները հիմնականում վերաբերել են միավորման արդյունքում մանկավարժական հաստիքների հնարավոր կրճատմանը, նոր միջավայրում աշակերտների ինտեգրմանը և այլն:
Արմավիրի թիվ 4 ավագ և Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցների միավորումը, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, բխում է նաև այն հանգամանքից, որ դպրոցներն ամբողջական ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում։ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցում սովորում է 287 աշակերտ, սակայն դպրոցն ունի 1000 աշակերտ տեղավորելու հնարավորություն։ Արմավիրի թիվ 4 դպրոցում սովորում է 244 աշակերտ, որն ունի 680 աշակերտ տեղավորելու հնարավորություն։
Արմավիրի թիվ 1 դպրոցի շենքային պայմաններն անհամեմատ ավելի լավն են, ինչը ուսուցիչներին և աշակերտներին պատշաճ պայմաններում ուսումնառությունը կազմակերպելու լայն հնարավորություն կտա: Փոխնախարարը շեշտել է, որ միավորման արդյունքում կարևորվելու է մասնագիտական ներուժը լավագույնս օգտագործելու խնդիրը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հանրապետության բազմաթիվ դպրոցներում մանկավարժների կարիք կա»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա