Զանգեզուրի միջանցքը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ կապված հարց է․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում խոսել է Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան գործընթացներից, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքից, և Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցից: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
«Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի առաջընթացն էապես նպաստելու է Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը։ Տեսնում ենք, որ այդքան տառապանքից հետո մեր տարածաշրջանում բացվում է խաղաղության դուռը։ Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը պատասխանատվությամբ գործեն, որպեսզի չկորսվի այս հնարավորությունը»։
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկարա կատարած այցի մասին՝ Էրդողանն ընդգծել է․ «Հատկապես Փաշինյանի կողմից մեր հրավերի ընդունումը կարևոր քայլ էր։ Այսինքն, այս կետում Փաշինյանը բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով, իր երկրի ընդդիմադիր ընկալումներն էլ հաղթահարելով, ընդունեց մեր այդ հրավերը։ Վարչապետ Փաշինյանի հետ այդ արարողությանը միայն ոտքի վրա կարողացանք զրուցել։ Ոտքի վրա զրույցի ընթացքում մեր շնորհակալությունը հայտնեցինք մեր այդ հրավերն ընդունելու համար»։
Իսկ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի ղեկավարն ասել է հետևյալը.
«Դա Հայաստանի հետ կապված հարց չէ։ Զանգեզուրի միջանցքն Իրանի հետ կապված հարց է։ Այսինքն երկու երկիր, որոնց ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մուսուլման է։ Այստեղ թե՛ Ադրբեջանին և թե՛ մեզ տխրեցնում է, որ Իրանն այդպիսի դիրքորոշում ունի։ Իրականում նրանց էլ պետք է տխրեցնի։ Բացի այդ, այստեղ յուրաքանչյուր վագոնի համար գանձվող վճարները և այլն, ցավոք, շատ-շատ բարձր են։ Հուսով եմ, որ այս դժվարությունն էլ ամենակարճ ժամկետում կհաղթահարենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան